Հաջողության գաղտնիքներ

Մի լսեք տատիկի գործնական խորհուրդները

Գործարար տատիկը

Շատերիս համար աշխատավարձից բացի այլ եղանակով գումար աշխատելը դժվար է կամ գրեթե անհնար: Համենայն դեպս՝ մենք այդպես ենք կարծում, քանի դեռ չենք փորձում: Համակարգը, որում մենք մեծացել ենք, սովորեցրել է մեզ, որ գումար պետք է աշխատել աշխատավարձով: Դա ներծծված է մեր ենթագիտակցության մեջ: Մարդկանց համար, ովքեր չեն անցել կրթական համակարգով մինչև վերջ, ինքնուրույն գումար աշխատելն ավելի հեշտ է: Լինելով համակարգից դուրս՝ նրանք իրենք են ժամանակի ընթացքում ձեռք բերել գումար աշխատելու հմտություններ: Այլ տարբերակ չկա. ապրել է պետք:

Աշխատավարձը միգուցե լավ է սկսելու համար, բայց ոչ կյանքն ավարտելու: Մի այսպիսի ասացվածք կա. «Ես դեռ չեմ ճանաչում աշխատավարձով ապրող միլիոնատերերի»: Խոսքը դոլարային միլիոնատերերի մասին է: Իհարկե, տեխնոլոգիական հսկա ընկերությունների դարաշրջանում դոլարային միլիոնատեր-տնօրեններ կան, բայց ավելի մեծ է հավանականությունը, որ դուք դոլարային միլիոնատեր կդառնաք սեփական բիզնեսով, քան կլինեք նրանցից մեկը:

Աշխատավարձը ենթադրում է սեփական ժամանակի և գիտելիքների օգտագործում: Այլ եղանակով գումար աշխատելը ենթադրում է հնարավորությունների հայտնաբերում կամ ստեղծում: Երբ հնարավորությունը վերածվում է համակարգի, դուք ներդնում եք ոչ թե սեփական ժամանակը և գիտելիքը, այլ ուրիշների: Այսինքն այն, ինչը սահմանափակ է, դուք վերածում եք անսահամանափակի: Դրանումն է ֆինանսապես աճելու գաղտնիքը:

Ժամանակներն արագ փոխվում են: Վերնագրում նշված «տատիկն» իրականում հին համակարգն է՝ իր ներկայացուցիչներով: Այն, ինչը գործել է նախկինում, այսօր այլ կերպ է գործում: Այն, ինչը գործում է այսօր, վաղն այլ կերպ է գործելու: Եվ դա տեղի է ունենում շատ արագ: Վեց տարի առաջ 1000 դոլարով 400 բիթքոյին գնած երիտասարդի կարողությունն այսօր գնահատվում է մի քանի միլիոն դոլար: Մեկ այլ երիտասարդ, ում «տատիկը» խորհուրդ էր տալիս չզբաղվել սեփական նորաձև հագուստի արտադրությամբ, երբ նա անում էր դա սեփական բնակարանում և առաջին տարվա ընթացքում մի քանի հարյուր դոլար էր աշխատում, այլ փոխարենը որևէ ընկերությունում մենեջեր աշխատել, այսօր հագուստի խանութների ցանց ունի: Պիցցա առաքողը, հասկանալով պիցցայի բիզնեսի առանձնահատկությունները, սեփական բիզնեսն է սկսում և նախկին գործատուից առաջ անցնում:

«Տատիկի» խորհուրդները պետք է լսել այն ժամանակ, երբ դուք ուզում եք ապրել այնպես, ինչպես տատիկը: Եթե դա չեք ուզում, ապա ինքնուրույն որոշեք, թե ինչ եք ուզում: Որոշելուց հետո փորձեք՝ ունենալով այն հնարավորությունները, որոնք ներկա պահին ունեք: Փորձելուց հետո ինչ-որ բան հաստատ ստացվելու է՝ փոքր մասշտաբներով: Կառուցեք համակարգ, որը կօգնի փոքրն աստիճանաբար մեծացնել: Մեծացնելուց հետո վերադարձեք այստեղ, և իմ հոդվածի տակ մեկնաբանության տեսքով գրեք ձեր պատմությունը: Կսպասեմ: Իմ մոտ ամեն ինչ սկսեց փոխվել այն ժամանակ, երբ ես դադարեցի լսել տատիկիս խորհուրդները:

Մեկնաբանել

error: Կյանքն ավելի հրաշալի է, երբ ստեղծում ես սեփական «բովանդակությունը»