Հաջողության գաղտնիքներ

Հավատա ինքդ քեզ

Ամենամեծ նպատակներից մեկը, որին մենք ուզում ենք հասնել այս կայքի միջոցով այն է, որ մարդիկ հավատան իրենք իրենց: Մենք ուզում ենք, որ հասարակ մարդը, որն ապրում է մեր և ձեր մեջ, գտնվում է մեր կողքին և հենց հիմա կարդում է այս տողերը, հավատա, որ նա կարող է դառնալ այն, ինչի մասին անգամ վախենում է մտածել կամ մտածում է որպես իր ուժերը գերազանցող: Մենք ուզում ենք, որ հասարակ դաշնակահարը հավատա, որ մի օր կարող է Մոցարտ դառնալ, որ շարքային նկարիչը հավատա, որ նա կարող է Պաբլո Պիկասո դառնալ, որ սկսնակ գրողը, որի տողերն այսօր միայն իր հարազատներն են կարդում, հավատա, որ ինքը մի օր կարող է Ժյուլ Վեռն դառնալ, որ երիտասարդ հոգեբանը հավատա, որ մի օր նա Ֆրեյդ է դառնալու, որ հասարակ ծրագրավորողը հավատա, որ մի օր ինքն էլ «ֆեյսբուք» է գրելու և Մարկ Ցուկերբերգ է դառնալու, որ երգի ասպարեզում առաջին քայլերը կատարող աղջնակը հավատա, որ մի օր Սելին Դիոն է դառնալու:

Այսօր մեր մեջ ապրում են հազարավոր Մոցարտներ, Պիկասոներ, Ժյուլ Վեռներ և Ցուկերբերգեր: Նրանք նույնիսկ չեն էլ կասկածում, թե ինչ է իրենց սպասում և ինչքան բարձր իրենք կարող են թռչել: Եվ նրանք երբեք էլ չեն իմանա դա, եթե չսկսեն հավատալ իրենք իրենց: Երբ մարդը հավատում է ինքն իրեն, նա սկսում է ուղիներ ու լուծումներ փնտրել, իսկ հակառակ դեպքում՝ ոչինչ էլ չի փնտրում, ուղղակի սպասում է «ինչ լինելու է, թող լինի»: Բայց այդ դեպքում, ավելի հավանական է, որ ոչինչ էլ չի լինի:

Ինքդ քեզ պետք է հավատաս՝ սկսած ամենափոքր բաներից: Օրինակ, եթե մեքենա վարել ես սովորում, հենց սկզբից պետք է հավատաս, որ քեզ մոտ ամեն ինչ շատ հեշտ կստացվի, այդտեղ ոչ մի դժվար բան չկա: Կամ եթե քննություն ես տալիս, պետք է հենց սկզբից հավատաս, որ դու այնքան ուժեղ ես, որ հաստատ ամենաբարձր միավորը կստանաս: Եթե ոչ դու, ապա ո՞վ: Պետք է հավատաս, որ դու այնքան ներուժ ունես, որ կարող ես հասնել ցանկացած արդյունքի: Եթե ոչ դու, ապա ո՞վ:

«Ես հավատում եմ ինքս ինձ, բայց դա ինձ չի օգնում», – մտածեցին այս պահին մի քանիսը: Ո՛չ: Ուրեմն ինչ-որ բան այնպես չէ, ուրեմն դուք դեռ կասկածներ ունեք: Ես շատ քիչ մարդկանց եմ հանդիպել, որոնք իրոք հավատում են իրենք իրենց: Եթե հավատում ես ինքդ քեզ, ապա պետք է անես դա հարյուր տոկոսով՝ առանց մեկ տոկոս կասկածի: Պետք է չլինեն «բայց…»-եր և «իսկ եթե…»-ներ: Մեկ «բայց»-ն արդեն նշանակում է, որ դուք ամբողջությամբ վստահ չեք ձեզ վրա և դեռ աշխատելու տեղ ունեք: Հավատացեք ինքներդ ձեզ և ողջ աշխարհը կհավատա ձեզ:

Հեղինակի մասին

Հրաչյա Մանուկյան

Անձնային աճի և ինքնազարգացման գծով հեղինակ, Հաջողության բլոգի հիմնադիր, «Փոխիր կյանքդ» և «Կամքի ուժ. ինչպես ղեկավարել սովորությունները» գրքերի հեղինակ, օգտակար կարծիքներ ստանալու Թրութլի հարթակի համահիմնադիր:

7 մեկնաբանություն

    • Անահիտ ջան իսկ որտեղ եք բաժանորդագրվել? Կայքի աջ կողմում, որտեղ գրված է “Մուտքագրեք ձեր էլեկտրոնային հասցեն”?

  • Ստորագրում եմ նյութի բոլոր բառաերի տակ։ Հիանալի հոդված էր։ Ես ինքս հավատում եմ ուժերին ու շատ կուրորեն եմ հավատում։ Ես համոզված եմ,որ եթե ես ինչ-որ բանի ի սրտե հավատամ,ի վերջո այդ նպատակն էլ կիրականանա։ Ու ոչ թե այն պատճառով,որ ես կնստեմ ու միայն դրա մասին կմտածեմ,այլ եթե ես հավատամ իմ առջև դրված նպատակին,ես կհավատամ նաև այդ ասպարեզում իմ ուժերին,ինչն էլ ինձ ավելի շատ կոգևորի ու կմղի առաջ։ Մի խոսքով շնորհակալություն լավ հոդվածի համար։
    Հարգանքներով`Ձեր Նեո 🙂

Մեկնաբանել

error: Կյանքն ավելի հրաշալի է, երբ ստեղծում ես սեփական «բովանդակությունը»