Անձնային աճ

Barcamp 2012: TOP 5 ներկայացումներ

Այս հոդվածում կներկայացնեմ այն 5 ներկայացումները, որոնք Barcamp 2012-ի ժամանակ հավանեցի առավել շատ: Միանգամից ասեմ, որ իրականում լավ ներկայացումները շատ ավելի շատ էին, ուղղակի այստեղ չեմ կարող բոլորի մասին գրել: Բացի այդ, քանի որ միաժամանակ երեք ներկայացումներ էին տեղի ունենում, դրանցից շատերը ես բաց եմ թողել և շատ հավանական է, որ դրանք հենց լավագույններն էին: Այնպես որ, այս ցուցակը շատ պայմանական է և ընդամենը անձնական կարծիք է: Ամեն դեպքում, ոչ մի ներկայացում չի կարելի թերագնահատել, բոլորի վրա էլ աշխատանք է տարվել և մարդիկ ներկայացրել են այն, ինչ իրենք են ճիշտ համարել: Դա է ազատությունը:

Ներկայացումների TOP 5-ը ընտրելիս հաշվի եմ առել հետևյալը. առաջինը, ներկայացման օգտակարությունը մարդկանց համար, այսինքն ոչ թե ինչ հիանալի բան ենք մենք մտածել, այլ ինչ սովորեցրինք և տվեցինք այլ մարդկանց: Երկրորդը, ներկայացման հեղինակների շփումը լսարանի հետ` նրանց համբերատարությունը, լսելու կարողությունը, իրենց չգերագնահատելու և դիմացինին չթերագնահատելու ունակությունը և այլն: Եվ երրորդը, ներկայացման միտքը կամ նախագծի օրիգինալությունը: Եվ այսպես` TOP 5:

5-րդ տեղ

Youandworld.am, ֆեյսբուքյան էջերի առաջխաղացման մասին: Այս ներկայացումը կարծում եմ դուր եկավ շատ-շատերին և դրա մասին էր վկայում լսարանի բազմամարդությունը: Այն ոչ միայն ուղեկցվում էր հեղինակների ոգևորությամբ և մատուցման ընկալելի ձևով, այլ խորհուրդներն իրոք անկեղծ էին և օգտակար: Ներկայացման գլխավոր միտքը հետևյալն էր` ինչպես ավելացնել ձեր ֆեյսբուքյան էջի հետևորդների թիվը, ինչպես անել դա «ոչ պարտադրաբար», ինչ տիպի հոդվածներն են ձգում մարդկանց և այլն: Անձամբ ես ֆեյսբուքյան էջերի հետ կապված շատ բան սովորեցի և անպայման կկիրառեմ դրանք:

4-րդ տեղ

Վիքիպեդիայի մասին: Իրականում այս ներկայացման ժամանակ լսված ինֆորմացիայի մեծ մասը ներկա գտնվողներից շատերը կարծում եմ գիտեին, չնայած մի մասին էլ այն օգտակար գտնվեց` ցրելով առասպելները վիքիպեդիայի մասին: Բայց այն զբաղեցրեց 4-րդ տեղը և մեջս այդպես տպավորվեց ոչ թե նյութի բովանդակությամբ, այլ հեղինակի խելացիությամբ, խնդիրները քննարկելու, լուծելու և մարդկանց հետ շփվելու նրա ունակություններով: Երբ սկսվեցին բուռն քննարկումներ, թե արդյոք հավաստի է վիքիպեդիան և կարելի է դրա վրա հիմնվել, լսարանի մեծ մասը տրամադրված էր դրա դեմ, այսինքն վիքիպեդիան չի կարող լուրջ ընդունվել, քանի որ բոլորը կարող են այն փոփոխել: Բայց հեղինակի բերած փաստերը, տրամաբանությունը, խոսելու ու բացատրելու հանգստությունը, մարդկանց հանդեպ «թշնամաբար» չտրամադրվելու ունակությունը և ներկայացումը նախատեսված ավարտին հասցնելը, լիովին արժանի էին, որպեսզի այն հայտնվեր մեր TOP-5-ում:

3-րդ տեղ

Booklover.am, գրքասերների ակումբ: Այս ներկայացման մեջ առաջինը ինձ դուր եկավ հենց նախագիծը` նորարար, մարդկանց համար իրոք օգտակար, զարգացնող, մի խոսքով… հուսով եմ հեղինակներն անպայման հաջողության կհասնեն: Նաև, ներկայացումն անցկացվեց շատ հետաքրքիր` լսարանի հետ ինքնատիպ «խաղով», հարց ու պատասխանով, օրինակներով և օգտակար խորհուրդներով: Դրանցից մեկն էր` տրանսպորտի մեջ ժամանակը սպանելու փոխարեն գիրք կարդացեք կամ ավելի լավ է (ավելի հարմար է) ` աուդիոգրքեր լսեք: Դրանք այսօր շատ ավելի պրակտիկ են: Գցում եք աուդիոգիրքը հեռախոսի մեջ և ամենահարմար պահերին լսում դա:

2-րդ տեղ

Ստարտափների մասին, Nemra: Այս ներկայացումը օգտակար էր նրանց համար, ովքեր պատրաստվում են ստարտափներ սկսել: Քանի որ ինքներս նման ստարտափի վրա այժմ աշխատում ենք, այն մեզ համար նույնպես շատ կարևոր էր: Խորհուրդները պրակտիկ էին, դրական և ոգևորիչ: Եթե կարճ ներկայացնեմ, միտքը հետևյալն էր` մի գտեք պատճառներ, ստարտափներ չսկսելու համար: Շատերը պատճառաբանում են ֆինանսավորման բացակայությունը: Բայց լավ նախագծերը ֆինանսավորում միշտ էլ կգտնեն, կարևորը` դուք սկսեք: Մի հետաձգեք, հարմար պահի մի սպասեք, ստեղծեք գլոբալ նախագծեր, որոնք կփոխեն աշխարհը: Աշխարհը բաց է բոլորի համար: Այդպես ավարտվեց Barcamp 2012-ի վերջին ներկայացումը:

1-ին տեղ

Ծխելու մասին: Ինձ համար Barcamp 2012-ի անգերազանցելի առաջատարը ծխելու մասին ներկայացումն էր: Ոչ մի ներկայացման ժամանակ այդպես չէի կենտրոնացել, այդքան ներքին ոգևորությամբ չէի լսում, որքան այս մեկը: Գիտե՞ք որն է պատճառը: Մեկ այլ բան է, երբ ներկայացնում ես քո նախագիծը, ցանկացած բան, որը քոնն է, իսկ մեկ այլ բան է, երբ ցանկություն և համարձակություն ես ունենում ելույթ ունենալ նրա համար, որպեսզի մարդկանց օգտակար գտնվես, տվյալ դեպքում` օգնես նրանց ազատվելու ծխելու վնասակար սովորությունից: Սա այն դեպքերից էր, երբ իրոք զգում ես, որ մարդը ցանկանում է շրջապատում ինչ-որ բան փոխել: Մի պահ մտածեք: Դուք կանեի՞ք դա: Դուք կներկայացնեի՞ք նման թեմա, հասկանալով, որ լսարանում շատերը ձեզ դեմ են լինելու, դա չեն ընդունելու և ընդհանրապես` այլ բան են սպասելու: Բայց անել դա և անել այն ոգևորությամբ և էնտուզիազմով, որով արեց դա ներկայացման հեղինակը, ինձ համար դա իրոք լուրջ ու ողջունելի քայլ էր:

Այսքանը, կսպասենք Barcamp 2013-ին…

Հեղինակի մասին

Հրաչյա Մանուկյան

Անձնային աճի և ինքնազարգացման գծով հեղինակ, Հաջողության բլոգի հիմնադիր, «Փոխիր կյանքդ» և «Կամքի ուժ. ինչպես ղեկավարել սովորությունները» գրքերի հեղինակ, օգտակար կարծիքներ ստանալու Թրութլի հարթակի համահիմնադիր:

Մեկնաբանել

error: Կյանքն ավելի հրաշալի է, երբ ստեղծում ես սեփական «բովանդակությունը»