Մարդը պետք է անընդհատ աճի: Այդ աճը կարող է լինել գծային, հարթության մեջ և տարածական: Սովորաբար մենք աճում ենք գծային եղանակով: Այդ գիծը կոչվում է մասնագիտություն: Երբ մենք շեղվում ենք մասնագիտությունից, սկսում ենք զբաղվել նաև հոբբիներով, ժամանակ ենք տրամադրում ինքնազարգացմանը, նոր գիտելիքներ ենք ձեռք բերում, որոնք կապ չունեն մեր հիմնական աշխատանքի հետ, մենք սկսում ենք աճել հարթության մեջ: Դա արդեն լավ է: Այս գրքի միջոցով ես կփորձեմ ձեր մեջ տարածական աճելու ցանկություն արթնացնել: Երրորդ առանցքը մտածողությունն է: Այն զարգանում է, երբ դուք ազատ ժամանակ եք ունենում ոչնչով չզբաղվելու, պարզապես մտածելու համար:


   


Հաջողակ մարդիկ

Մահաթմա Գանդի. միլիոնների առաջնորդը

2000 թվականին BBC հեռուստաընկերության անցկացրած հարցման արդյունքում Մահաթմա Գանդին ճանաչվում է «հազարամյակի մարդ»: Երկրորդ տեղը զբաղեցնում է Լեոնարդո Դա Վինչին, երրորդը` Հիսուս Քրիստոսը: Գանդիի մասին նկարահանվել են բազմաթիվ ֆիլմեր, գրվել տասնյակ գրքեր: Պատմությանը իրոք հայտնի են շատ մարդիկ, որոնք կարողացել են փոխել աշխարհը: Սակայն նրանցից շատ քչերն են ունեցել ոգի, այնքան խորթ այսօրվա աշխարհին, որ թվում էր, նրանք եկել են այլ աշխարհից: Ալբերտ Էնշտեյնը Գանդիի մասին ասել է. «Հնարավոր է, որ հետագա սերունդները արդեն չհավատան, որ նման մարդը` սովորական միս ու արյունից, քայլել է այս երկրի վրա»:

Նա Հնդկաստանի ժողովրդի առաջնորդն էր, երկրի ազգային ազատագրական շարժման գաղափարախոսը: Մահաթմա Գանդին մերժում էր բռնությունը ցանկացած ձևով: Ավելի քան 30 տարի անընդմեջ նա քարոզում էր իր փիլիսոփայությունը և վերջում ապացուցեց ողջ աշխարհին դրա արդյունավետությունը, երբ 1947 թվականին Հնդկաստանը, Գանդիի ջանքերի շնորհիվ, խաղաղ ճանապարհով անկախություն ստացավ Մեծ Բրիտանիայից: Նրա “չբռնության» փիլիսոփայությունը մեծ ազդեցություն է ունեցել խաղաղ փոփոխությունների կողմակիցների շարժումների վրա ողջ աշխարհում:

Մի անգամ Գանդիին հարցնում են. «Միթե՞ դուք չէիք սպանի օձին, եթե նա սպառնար Ձեր երեխաներին և կնոջը»:
«Իհարկե, ոչ», — պատասխանում է նա: «Ես կփորձեի որևէ այլ ձևով դուրս գալ այդ իրավիճակից: Օրինակ, ինչ-որ շարժման միջոցով կփորձեի հասկացնել օձին, որ նրան պետք չէ ոչնչից վախենալ, որ նրան սիրում են ոչ պակաս, քան ողջ կենդանականը: Եվ հավաստիացնում եմ ձեզ, ավելի շուտ նա ուղղակի կհեռանար»:

Գանդիի կերպարը հետաքրքիր է: Տարեց մարդ, ֆիզկապես զարմանալիորեն թեթև` նա կշռում էր ընդամենը 45 կիլոգրամ, մարդ, որը լինելով հեղինակության և համբավի գագաթնակետին, չուներ կարողություն: Նրա հողից հատակով տուն էին մուտք գործում Հնդկաստանի և Բրիտանիայի առաջատար քաղաքական և մշակույթային գործիչներ: Շաբաթական մեկ օր նա իր համար կազմակերպում էր լռության օր: Քարոզում էր բուսակերությունը, քաղաքականությունից և գրքեր գրելուց ազատ ողջ ժամանակը անցկացնում էր ջուլհակահաստոցի դիմաց: Եվ ամենակարևորը, կարողանում էր գործել համաշխարհային պատերազմների, դեմոկրատիայի, ֆաշիզմի, կոմունիզմի, նրան ուղեկցող ոստիկանական ազդանշանների ֆոնի վրա` չընդունելով չարությունը, ատելությունը, քարոզելով բարին և սերը: “Նրանում կար երկաթի պես ամուր ինչ-որ բան, անհաղթելի ինչպես ժայռը, ինչ-որ բան, որին չէր կարող հաղթել ֆիզիկական ոչ մի ուժ, ինչքան էլ հզոր այն լիներ: Նա թագավորական մեծություն էր», — ասում էր նրա մասին անկախ Հնդկաստանի առաջին ղեկավար Ջավախարլալ Նեռուն:

«Ես հավատում եմ չբռնությանը», — ասում էր Գանդին: «Ես հայտնաբերել եմ, որ կյանքը գտնվում է անընդհատ կործանումների, կռիվների և անհանդուրժողականության մեջ, հետևաբար պետք է լինի ավելի բարձր օրենք, քան բռնության օրենքն է: Միայն այդպիսի օրենքի դեպքում կկառուցվի ճիշտ և ողջամիտ հասարակություն: Միայն այդ դեպքում կյանքը արժանի կլինի նրան, որպեսզի ապրել այն: Եվ եթե դա է կյանքի օրենքը, ապա մենք պետք է կիրառենք այն առօրյա կյանքում: Որտեղ էլ որ վեճ լինի, որտեղ էլ ձեր դեմ կանգնի մրցակիցը, նվաճեք նրան Սիրով: Ես դա կիրառում եմ իմ կյանքում: Դա չի նշանակում, որի իմ բոլոր խնդիրները լուծված են: Բայց ես հայտնաբերել եմ, որ սիրո այդ օրենքը գործում է այնպես, ինչպես երբեք չի գործել բռնության օրենքը:

Մոհանդաս Կարամչանդ Գանդին ծնվել է 1869 թվականի հոկտեմբերի 2-ին, Հնդկաստանի ծովափնյա Պորբնդար քաղաքում: Ընտանիքն ուներ 4 երեխա: 13 տարեկանում Մոհանդասին ամուսնացնում են նույն տարիքի մի աղջկա հետ` Կաստուրբա անունով: Գանդիի ընտանիքը բավական ապահովված էր, որպեսզի թույլ տար երեխաներին ստանալ լավ կրթություն և Մոհանդասը 19 տարեկանում ուղևորվում է Լոնդոն` իրավաբանություն ուսումնասիրելու նպատակով: 1891 թվականին, ուսումը ավարտելուց հետո, նա վերադառնում է Հնդկաստան` մասնագիտությամբ աշխատելու համար: 1893 թվականին Մոհանդասը Հարավային Աֆրիկայում իրավաբանական աշխատանք կատարելու մեկամյա պայմանագիր է ստորագրում և ուղևորվում այնտեղ:

Այդ ժամանակ Հարավային Աֆրիկան ղեկավարում էին բրիտանացիները: Փորձելով ներկայացնել իր իրավունքները որպես Բրիտանիայի հպատակ` նա իր համար անսպասելիորեն ենթարկվում է տեղի իշխանությունների հարձակմանը և տեսնում է, որ այդպիսի հարձակման ենթարկվում են բոլոր հնդիկները: Գանդին պայքար է սկսում իր համաերկրացիների իրավունքները պաշտպանելու համար և ընտանիքի հետ միասին Հարավային Աֆրիկայում է անցկացնում 21 տարի` մինչև չի հասնում հաջողության:

Նա մշակում է սկզբունքներ, որոնք հիմնված էին արիության, արդարության և չբռնության վրա, որն անվանում է Սատյագրախա: Նա հավատում էր, որ նպատակին հասնելու միջոցները ավելի կարևոր են, քան հենց նպատակը: Սատյագրախան քարոզում էր չբռնություն և քաղաքացիական անհնազանդություն` որպես ավելի նախընտրելի միջոց սոցիալական և քաղաքական նպատակներին հասնելու համար: 1915 թվականին Գանդին վերադառնում է Հնդկաստան: 15 տարվա ընթացքում նա դառնում է Հնդկաստանի ազգայնական շարժման առաջնորդը:

Օգտագործելով Սատյարգրախայի սկզբունքները` Գանդին գլխավորում է Հնդկաստանի անկախության պայքարը Բրիտանիայի դեմ: Բազմաթիվ անգամներ բրիտանացիները ձերբակալում են Գանդիին` Հարավային Աֆրիկայում և Հնդկաստանում ցուցաբերած ակտիվության համար: Սակայն նա գտնում էր, որ եթե ազատազրկման համար հիմք կա, ապա բանտում նստելը ազնիվ է: Ընդհանուր առմամբ, իր քաղաքական գործունեության ընթացքում, նա 7 տարի է անցկացնում բանտում:

1948 թվականի հունվարի 13-ին, երկրում ծագած արյունահեղությունը դադարեցնելու նպատակով, Գանդին հացադուլ է հայտարարում: Հինգ օր անց ընդիմադիր ուժերի առաջնորդները խոստանում են դադարեցնել պայքարը և Գանդին ընդհատում է հացադուլը: Դրանից ևս 12 օր անց մոլեռանդ-հինդու Նատխուրամ Գոդզեն` տարբեր կրոնների ու հավատների հանդուրժողականության հարցերում Գանդիի հակառակորդը, երեք կրակոց է արձակում Մահաթմայի որովայնին և կրծքավանդակին: Ուշքը կորցնող Գանդին, երկու կողմից գրկված զարմուհիներով, շարժումներով ցույց է տալիս, որ ներում է մարդասպանին: Հեռանում է Մահաթմա Գանդին ժպիտը երեսին:

«Գլխավորը փոխադարձ հանդուրժողականությունն է», — ասում էր նա: «Պետք է հասկանալ, որ մարդիկ չեն կարող միանման մտածել և որ մենք տեսնում ենք միևնույն ճշմարտության կտորները տարբեր անկյունների տակ»:

Հեղինակի մասին

Հրաչյա Մանուկյան

Անձնային աճի գծով հեղինակ, Հաջողության բլոգի հիմնադիր, «Փոխիր կյանքդ», «Կամքի ուժ. ինչպես ղեկավարել սովորությունները» և «Ստանդարտ մտածելակերպի սահմաններից դուրս» գրքերի հեղինակ:

1 մեկնաբանություն

  • Շնորհակալություն, շատ լավ գրառում էր, հաճույքով կարդացի և շատ նոր տեղեկություններ ստացա :Ճ

Մեկնաբանել

error: Կյանքն ավելի հրաշալի է, երբ ստեղծում ես սեփական «բովանդակությունը»