Հետաքրքիր է

Այսպիսին էր Google-ը մեր աչքերով…

Ավարտվեց GTUG Հայաստան խմբի կողմից կազմակերպված «Google-ն իմ աչքերով» մրցույթը: Մրցույթում մասնակիցները պետք է նկարագրեին այն, թե ինչ և ինչպիսին է Google-ն իրենց համար: Եղան շատ հետաքրքիր նյութեր: Ամենից շատ ինձ դուր եկավ Անահիտ Ալեքսանյանի բարի հեքիաթը Google-ի մասին, որը, կարծում եմ, նույնպես արժանի էր հաղթանակի: Բայց այս անգամ հաղթեց մեր նյութը, որի համար նույնպես շատ ուրախ ենք: Մրցույթի կազմակերպման համար շնորհակալություն ենք հայտնում կազմակերպիչներին: Շնորհակալություն նաև ժյուրիի անդամներին՝ մեր նյութին ձայներ տալու համար: Եվ վերջապես, շնորհակալություն մեր բոլոր ընթերցողներին և այցելուներին: Բոլորին մաղթում եմ հաջողություն և վերջում՝ ներկայացնում հաղթող նյութը:

Google-ն իմ աչքերով

Google տերմինը առաջացել է googol բառից: googol-ը` դա 10-ի 100 աստիճանն է կամ մեկ` հարյուր զրոներով: Տարբեր աղբյուրներում նշվում է, որ տիեզերքում գոյություն չունի ինչ-որ բանի googol: Բայց իմ կարծիքով` googol կա: Եվ հենց դրա օգնությամբ է Google-ն անընդհատ առաջ շարժվում և շարունակում գրավել աշխարհը: Եվ ո՞րն է այդ googol-ը:

Googol երևակայություն

Միթե զարմանալի չէ, թե ինչպե՞ս կարողացան 2 երիտասարդ տղաներ, շատ կարճ ժամանակահատվածում, ստեղծել այնպիսի ընկերություն, որն իր այսօրվա եկամուտներով չի զիջում տասնամյակների պատմություն ունեցող այնպիսի հզոր ընկերությունների, ինչպիսիք են` Coca-Cola, Nokia, Microsoft, Gillette, Apple, Marlboro, IBM, McDonald’s և այլն:

Իհարկե զարմանալի է, բայց բացատրելի: Google-ն իրենից ներկայացնում է մի մեծ, googol երևակայություն: Google-ն ամեն ինչ անում է, որպեսզի իր շուրջը համախմբի մարդկանց, ովքեր ունեն մեծ երևակայություն: Google-ը հիմնադրել են մարդիկ, ովքեր ունեն մեծ երևակայություն: Google-ում աշխատում են մարդիկ, ովքեր ունեն մեծ երևակայություն: Google-ը աշխարհի տարբեր անկյուններում գտնում է մարդկանց, ովքեր նույնպես ունեն մեծ երևակայություն: Արվում է դա տարբեր միջոցառումների, մրցույթների, ակումբների և պարգևատրումների միջոցով: Արդյունքում շահում են բոլորը` և՛ հասարակ մարդիկ և՛ ընկերությունը:

Բերեմ միայն մեկ օրինակ: Երբ Google-ը պատրաստվում էր տեստավորել իր Google Chrome բրոուզերը, նա հայտարարեց մրցույթ, որում ասվում էր, որ ցանկացած մարդ, աշխարհի ցանկացած կետում, ում հաջողվի թերություն գտնել Google Chrome բրոուզերի վրա, կստանա դրամական պարգևատրում: Եվ կարծո՞ւմ եք պարգևատրումը $10 էր: Ոչ` $500 և ավելի: Արդյունքում, Google Chrome բրոուզերը տեստ էին անում տասնյակ հազարավոր մարդիկ ողջ աշխարհում: Իսկ փորձեք ինչ-որ թերություն գտնել դրանում հիմա:

Ինչ-որ մեկն ասել է` «եթե կարող ես դա պատկերացնել, ապա կարող ես նաև անել դա»: Այդպես է առաջնորդվում Google-ը: Եվ քանի դեռ այն ունի googol երևակայություն, ապա շարունակելու է աճել և զարգանալ:

P.S.
Նկարի հեղինակ՝ դիզայներ Վարդան Մելիքյան:

Հեղինակի մասին

Հրաչյա Մանուկյան

Հաջողության բլոգի հիմնադիր, անձնային աճի գծով 7 գրքերի հեղինակ:

7 մեկնաբանություն

Մեկնաբանել

error: Կյանքն ավելի հրաշալի է, երբ ստեղծում ես սեփական «բովանդակությունը»