Հաջողության գաղտնիքներ

Գործողություններն են ինչ-որ բան փոխում

Ցանկացած մարդու մոտ, որը կյանքում մեծ հաջողությունների է հասնում, ամեն ինչ սկսվում է երազանքից: Սկզբում դեռ ոչինչ չկա՝ միայն ոգևորություն, նպատակներ և մի քիչ կասկածներ: Մարդը սկսում է ամեն ինչ պատկերացնել մտովի: Սկզբում ամեն ինչ տեղի է ունենում նրա ներսում: Իր մտքերում նա պատկերացնում է, թե ինչ տեղի կունենա, եթե նա հասնի իր նպատակներին՝ ինչպես նա իրեն կզգա, ինչ դա իրեն կտա, ինչպես կփոխվի իր կյանքը և ինչպես կփոխվի կյանքն ընդհանրապես: Ոմանց մոտ այդ պատկերացումն այնքան ուժեղ է, որ նրանք ապրում են այնպես, կարծես արդեն հասել են իրենց նպատակներին, բայց իրականում՝ դեռ ոչինչ չկա: Նպատակների ու երազանքների մասին անընդհատ մտածմունքները ոգևորում ու մոտիվացնում են մարդուն: Նա սկսում է իրեն ուժեղ զգալ, լցվում է լավատեսությամբ, խանդավառությամբ, վճռականություն է ձեռք բերում և …. : Հենց այս «և»-ի մասին էլ կխոսենք այս հոդվածում:

Շատ մարդկանց մոտ ոգևորությունն ու մոտիվացիան կարճ են տևում: Այսինքն, երազեցին ինչ-որ բանի մասին, «նպատակներ» դրեցին և վերջ՝ մի քանի օր անց ոգևորությունն անցնում է, նրանք մոռանում են ամեն ինչ և վերադառնում են նախկին կյանքին: Ժամանակ առ ժամանակ այս ամենը կարող է կրկնվել: Մարդը կրկին ոգևորվում է, այս անգամ որոշում է «անպայման հասնել իր նպատակներին», բայց մի քանի օրից ոգևորությունը կրկին մարում է և նա կրկին վերադառնում է այնտեղ, որտեղից սկսել էր: Եվ ցավոք, շատերն այդպես էլ ապրում են և միայն այն ժամանակ են ափսոսում չարվածի համար, երբ արդեն ուշ է լինում: Իսկ գիտե՞ք, թե որն է պատճառը:

Չկան գործողություններ

Իսկ հիմնական պատճառն այն է, որ երազելն ու պատկերացնելը դեռ շատ քիչ են՝ պետք է անցնել կոնկրետ գործողությունների: Երազելը միայն առաջին փուլն է և չպետք է թողնել, որ ամեն ինչ ավարտվի հենց այդ փուլում (ցավոք, հիմնականում հենց այդպես էլ լինում է): Պետք է քայլեր ձեռնարկել, ռիսկի դիմել, ինչ-որ բաներ զոհաբերել, անել մի բան, որը երբեք չեք արել նախկինում: Երբ ես ասում եմ գործողություններ, ես նկատի չունեմ գործողություններ, որոնք առանձնապես ոչ մի ջանք չեն պահանջում ձեզանից: Պետք է գործել համարձակությամբ, անել այն, ինչը վախենում եք անել, անցնել սահմանը, որն անանցանելի է թվում: Միգուցե սկզբում Ձեր փորձը, գիտելիքներն ու հմտությունները քիչ լինեն, բայց դա չպետք է կանգնեցնի Ձեզ, դա չպետք է սպանի Ձեր երազանքը: Մի վախեցեք սկզբում սխալվելուց: Չի սխալվում միայն նա, ով ոչինչ չի անում: Սխալների վրա Դուք սովորում եք, փորձ եք ձեռք բերում և որոշ ժամանակ անց Դուք այլևս չեք սխալվի, բայց այդ ժամանակ արդեն կլինեք Ձեր նպատակներին հասնելու ճանապարհի կեսին: Սխալների հանդեպ վախն է հիմնականում կանգնեցնում մարդկանց գործելուց: Բայց այդ վախը բոլորի մոտ էլ կա, բոլորն էլ վախենում են, բայց հաջողակները հաղթահարում են իրենց վախերը և առաջ են շարժվում: Նրանք երազանքից անցնում են կոնկրետ գործողությունների: Հիշեք, միայն գործողությունները կարող են ինչ-որ բան փոխել: Նույնիսկ, եթե Դուք տաղանդ եք, ոչ ոք չի նկատի Ձեզ, եթե Դուք ինքներդ Ձեզ չբացահայտեք և չգործեք:

Այս թեմայով արդեն գրվել են մի քանի հոդվածներ: Կարդացեք նաև «Ցանկանո՞ւմ եք հասնել նպատակներին: Սկսեք գործել» և «Ավելի լավ է գործել և սխալվել, քան երկար մտածել ու ոչինչ չանել» հոդվածները:

Հեղինակի մասին

Հրաչյա Մանուկյան

Հաջողության բլոգի հիմնադիր, անձնային աճի գծով 7 գրքերի հեղինակ:

Մեկնաբանել

error: Կյանքն ավելի հրաշալի է, երբ ստեղծում ես սեփական «բովանդակությունը»