Այս հոդվածում կխոսենք նախորդ հոդվածներից մեկում գրված ժեստերից երկուսի մասին` ձեռքը բերանի մոտ և հպում քթի հետ, և կմեկնաբանենք դրանք հայտնի մարդկանց օրինակներով:
Ուղղակի ևս մեկ անգամ հիշեցնեմ, որ «ձեռքը բերանի մոտ» ժեստի նշանակությունը հետևյալն է. երբ մարդը սուտ է խոսում, նա ենթագիտակցորեն փորձում է փակել բերանը, բայց ինչ-որ պահի փոշմանում է և առաջ են գալիս այլ` ավելի քողարկված և ոչ ակնհայտ ժեստեր, օրինակ` հպում քթի հետ:
Նայեք Բիլլ Գեյթսին: Այս ժեստը կարելի է մեկնաբանել երկու ձև` կախված նրանից, խոսում է նա, թե լսում: Եթե այս պահին նա լսում է, ապա ժեստը կարելի է մեկնաբանել այսպես. նա չի հավատում ձեր ոչ մի խոսքին, կասկածներ ունի ձեր անկեղծության մեջ կամ էլ ուղղակի զսպում է իրեն, որպեսզի չասի ձեզ այն, ինչ շատ է ուզում ասել:
Նայեք Բորիս Բերեզովսկիին: Եթե այս պահին նա խոսում է, ապա նրա ժեստն ավելի շատ հիշեցնում է սովետական ժամանակների հայտնի լոզունգներից մեկը` «սո՛ւս մնա»:
Ամենևին պարտադիր չէ, որ հենց մարդու ձեռքը հպվի բերանին, երբ նա սուտ է խոսում կամ չի հավատում դիմացնի անկեղծությանը: Դա կարող է լինել ցանկացած այլ իր` գինով լի բաժակ, այցեքարտ կամ գրիչ, ինչպես Ջորջ Սորոսի դեպքում:
Ամեն դեպքում հիշեք, որ այս ժեստը, մնացած այլ ժեստերի պես, չի կարելի միշտ նույն ձև մեկնաբանել, սա ձեզ միայն մտածելու տեղիք պետք է տա: Երբեմն լինում է այնպես, որ ձեռքը ոչ թե ակնթարթորեն է հպվում բերանին, այլ երկար ժամանակ մնում է դրա վրա, իսկ դա կարող է նշանակել, օրինակ, «ես ձեզ դեռ ցույց կտամ»:
Ամենատարածված մյուս ժեստը, որը վկայում է մարդու կեղծավորության և ստի մասին, այն է, երբ մարդը հպվում է քթին կամ մի քանի հպումներ է կատարում քթի տակ գտնվող փոսիկին:
Ժեստը կարող է կրկին ունենալ երկու նշանակություն` կախված նրանից, խոսում է մարդը, թե լսում:
Եթե Վլադիմիր Պուտինը այս պահին խոսում է, ապա հավանաբար նա չի ասում այն, ինչ իրականում մտածում է: Իսկ եթե նա այս պահին լսում է, ապա ավելի հավանական է, որ նա չի հավատում դիմացինի անկեղծությանը (կամ էլ այս դեպքում ուղղակի նրա քիթն է քոր գալիս 🙂 )
Այս ժեստն ունի ևս մեկ նշանակություն` մարդը գիտի ճիշտը, բայց չի ասում այն:
Ամեն դեպքում, ամեն ինչ կախված է կոնկրետ իրավիճակից: Եթե «ո՞վ է գողացել փողերը» հարցին կասկածյալը պատասխանում է «ես չեմ գողացել» և միևնույն ժամանակ քորում է քիթը, ապա ավելի հավանական է, որ հենց նա էլ գողացել է փողերը:
Իսկ եթե նույն հարցին կասկածյալր պատասխանում է` «ես չգիտեմ, թե ով է դա արել» և քորում է քիթը, ապա դա կարող է խոսել այն մասին, որ նա գիտի, թե ով է գողը, բայց չի կարող կամ չի ուզում այդ մասին ասել:
Չնայած որ կայքում այլ բան էի փնտրում <<ժեստերի լեզու>> հասկացության տակ, ամեն դեպքում գտա ևս շատ կարևոր մեկնաբանություն: Այս տարբերակները, որոնք ներկայացված են <<հեղինակի>> կողմից, կարելի է կիրառել հենց այս պահից և կարող եմ ասել, որ այն տեղեկությունը որ ստացա ես, թույլ է տալիս լինել այաս բարդ աշխարհում ավելի զգոն և ցանկության դեպքում թույլ չտալ հիմարեցնել ինձ և չփորձեք կարդալու ընթացքում ձեր ձեռքը տանել դեպի քթաշրթունքյին հատվածը 🙂