Մարդը պետք է անընդհատ աճի: Այդ աճը կարող է լինել գծային, հարթության մեջ և տարածական: Սովորաբար մենք աճում ենք գծային եղանակով: Այդ գիծը կոչվում է մասնագիտություն: Երբ մենք շեղվում ենք մասնագիտությունից, սկսում ենք զբաղվել նաև հոբբիներով, ժամանակ ենք տրամադրում ինքնազարգացմանը, նոր գիտելիքներ ենք ձեռք բերում, որոնք կապ չունեն մեր հիմնական աշխատանքի հետ, մենք սկսում ենք աճել հարթության մեջ: Դա արդեն լավ է: Այս գրքի միջոցով ես կփորձեմ ձեր մեջ տարածական աճելու ցանկություն արթնացնել: Երրորդ առանցքը մտածողությունն է: Այն զարգանում է, երբ դուք ազատ ժամանակ եք ունենում ոչնչով չզբաղվելու, պարզապես մտածելու համար:


   


Հեղինակային առակներ

Առակ. թագավորը և մեղուները

Թագավորը սարսափահար վեր է թռնում: Արդեն որերորդ օրն է, ինչ նույն երազն էր տեսնում. իբր նա հանգիստ քայլում է պարտեզով` լցված ծաղկած ծառերի քաղցրահամ բույրով, բայց հանկարծ.. երբ նա թարթում է աչքերը և բացում, տեսնում է, որ իր վրա մեղուներ են լցվել: Դրանք ամենուր էին` գլխին, ձեռքերին, ոտքերին: Մեղուները չէին խայթում, բայց երբ նա փորձում էր հեռացնել դրանք իրենից, փորձում էր ազատվել դրանցից, դրանք կրկին ետ էին վերադառնում և կպչում էին մարմնին: Մեղուներն այնքան շատ էին, այնքան ուժեղ էին տզզում, որ թագավորն ամեն անգամ սարսափահար քնից վեր էր թռնում:

Այս առավոտ թագավորը կրկին նույն երազն է տեսնում: Նա կանչում է իր թագավորության բոլոր իմաստուններին և հրամայում է մեկնաբանել երազը: Իմաստուններից մեկն առաջ է գալիս և բացատրում, որ մեղուներն առատության նշան են և որ այս տարի առատ տարի է լինելու: Մյուս իմաստունն էլ առարկում է, որ մեղուների հարձակումը թշնամու հարձակումն է խորհրդանշում և շուտով պատերազմ է լինելու:

Դրանք Ձեր խնդիրներն են, — լսվում է ետևի շարքերից:

— Իի՞նչ, — բացականչում է թագավորը, — առաջ բերե՛ք դրան: Ի՛նչ է դա նշանակում:

Առաջ անցնելով ամբոխի միջով՝ թագավորի առջև է հայտնվում կիսամերկ մի ծերունի:

— Դրանք Ձեր առօրյա խնդիրներն են, Արքա, — բացատրում է ծերունին, — Ձեր կյանքում տարբեր շատ խնդիրներ կան, ինչպես բոլորի կյանքում: Դրանք Ձեզ լուրջ վնաս չեն հասցնում, ինչպես մեղուները երազում Ձեզ չէին խայթում, ուղղակի դրանք այնքան շատ են և այնքան ուժեղ են «տզզում», որ Ձեզ թվում է, որ դուք կործանվում եք և դրանից դուք սարսափահար վեր եք թռնում: Դուք փորձում եք հեռացնել Ձեր խնդիրները Ձեզանից, բայց դրանք չեն հեռանում: Խնդիրներից հնարավոր չէ ազատվել, դրանք միշտ էլ լինում են. ամեն ինչ կախված է նրանից, թե ինչպես ես դրանց վերաբերվում: Եթե Դուք ուշադրություն չդարձնեք այդ «տզզոցի» վրա, ապա ժամանակի ընթացքում մեղուներն իրենք կթողնեն Ձեզ և կհեռանան:

Հաճախ մեր առօրյա խնդիրներն այնպես ուժեղ են «տզզում», որ մեզ թվում է, որ այլևս ելք չկա և որ մենք իվիճակի չենք ոչինչ անել: Բայց դա միայն «տզզոցն» է և իրականում խնդիրները չեն կարող մեզ լուրջ վնաս հասցնել: Եթե ուշադրություն չդարձնել «տզզոցի» վրա, դրանք իրենք կթողնեն մեզ և կհեռանան:

Հեղինակի մասին

Հրաչյա Մանուկյան

Անձնային աճի գծով հեղինակ, Հաջողության բլոգի հիմնադիր, «Փոխիր կյանքդ», «Կամքի ուժ. ինչպես ղեկավարել սովորությունները» և «Ստանդարտ մտածելակերպի սահմաններից դուրս» գրքերի հեղինակ:

14 մեկնաբանություն

    • Զառա ջան եթե մանրուքների վրա կենտրոնանանք, փոքր բաների մասին մտածենք ու այդ մանրուքները մեզ համար խնդիրներ լինեն, ինչպես մենք կարող ենք գլոբալ, մեծ արդյունքների հասնել:

    • Ճիշտ է Զառա ջան, եթե խնդիր կա, պետք է լուծել: Այստեղ ավելի շատ այն է, որ եթե ինչ-որ մանրուք է լինում, դրան չվերաբերվել որպես խնդիր, այլ անտեսել: Օրինակ, ափսեն միամիտ խոհանոցում ընկավ ջարդվեց: Կարելի է երկու ժամ ափսոսալ, բողոքել, տրամադրությունը գցել, վերլուծել թե ինչպես եղավ, որ ափսեն ընկավ կոտրվեց և այլն և այլն կամ էլ ուղղակի կտորները թափել ու շարունակել գործերը, կարծես ոչինչ չի եղել: Այսինքն, այդ պահին արդեն ոչինչ չես կարող փոխել, ու եթե դրան թեթև ես վերաբերվում, դա նույնն է, որ դու քո համար խնդիր չես ստեղծում: Իսկ նման առօրյա մանրուքներ օրվա ընթացքում շատ են լինում: Կարող է միամիտ համակարգիչը փչանա: Պետք է դրան չվերաբերվես որպես խնդիր, այլ ուղղակի տանես վերանորոգելու բայց այն հոգեբանության, կարծես ոչ մի լուրջ բան չի եղել: Եվ եթե սկսում ես իրերին այդպես վերաբերվել, իրոք որ շատ քիչ բան է սկսում քեզ անհանգստացնել:

  • Մեզանից յուրաքնչյուրը ունի իր առօրյան, բնականաբար ունի նաև առօրեական ու կենցաղային բազմաթիվ մանր մունր խնդիրներ: Լիովին համաձայն եմ, որ նման խնդիրները բարդացնելու դեպքում կորցնում ենք մեր թանկագին ժամանակը և դառնում կենցաղի գերի: Նման խնդիրները միակ բանն են, որ շատ հեշտությամբ լուծում եմ: Նախ փորձում եմ հասկանալ, թե ինչի հետևանքով են առաջանում այդ խնդիրները, որպեսզի հետագայում խուսափեմ նման իրավիճակներից և համապատասխան լուծում գտնեմ, իսկ բուն խնդրին վերաբերվում, որպես երևույթի, որն արդեն տեղի է ունեցել և ոչինչ չեմ կարող փոխել:Եթե փորձենք ամեն ինչում լավ բաներ փնտրել, կարծում եմ շատ հարցեր խնդիրների տեսք չեն ընդունի և ապարդյուն գլխացավանք չեն դառնա:

    • “Կենցաղի” գերի-ն լավ արտահայտություն էր Գայանե ջան, հենց դրանից պետք է խուսափել..
      Շատ ողջունելի է, որ այդպես եք վերաբերվում մանր խնդիրներին:

  • Այդպիսի կենցաղային խնդիրներն ընդհանրապես պետք է անտեսել, այլապես կթունավորեն մեր կյանքը: Կարծում եմ` կյանքում կան ավելի կարևոր երևույթներ, քան խնդիրներն են: Դեյլ Կառնեգին ի նկատի ե ունեցել փոքր գործերը: Մինչև այդ փոքր խնդիրները, գործերը չլուծենք, չվերջացնենք, չենք կարող անցնել ավելի մեծերին:
    Իսկ ինչ վերաբերում է կենցաղային խնդիրներին, ապա դրանք անէական են, աննշան: Զարմանում եմ այն մարդկանց վրա, ովքեր նեղվում են տեխնիկայի փչանալուց կամ էլ որևէ իր կոտրվելուց: Ամեն դեպքում մարդն ավելի կարևոր է, քան նյութը: Ես այդ թեմայով ուզում եմ հոդված գրել:

  • Ես էլ եմ համաձայն, փոքր և արագ լուծվող գործերը պետք է առաջինը արանքից հանել, որ ուղեղդ չծանրաբեռնվի:

    Անհամբերությամբ կսպասենք 🙂

Մեկնաբանել

error: Կյանքն ավելի հրաշալի է, երբ ստեղծում ես սեփական «բովանդակությունը»