Այս հոդվածում ուզում եմ պատմել բավական թարմ ռուսական մի ստարտափի մասին: Youdo.com-ը սկսեց գործել 2012թ-ի ապրիլին: Դրա միջոցով մարդիկ տալիս են առաջադրանքներ, որոնք կատարում են այլ մարդիկ: Օրինակ, ձեզ պետք է ինչ-որ մեկը, ով ձեր տատիկի տանից կվերցնի անձրևանոցը և կհասցնի ձեր տուն կամ ձեր խոհանոցում ծորակից ջուր է կաթում և ձեզ շտապ պետք է մեկը, ով կվերանորոգի այն: Երկու դեպքում էլ դուք գրանցվում եք youdo-ում, որն իմիջիայլոց մոբայլ հավելված է, ավելացնում եք ձեր առաջադրանքը, նշում եք գինը (որքան եք պատրաստ վճարել), ավելացնում եք առաջադրանքի մանրամասները և հազարավոր մարդիկ կարող են տեսնել և արձագանքել ձեր առաջադրանքին, իսկ ձեզ մնում է միայն ընտրել «լավագույնին»: Հավանականություն կա նույնիսկ, որ անձրևանոցը ձեր տատիկի տանից կվերցնի հենց իր հարևանը, քանի որ youdo.com-ում կարող են գրանցվել բոլորը:
Ստարտափի ծախսերը և ներգրավված միջոցները մինչ այժմ մոտ 1 միլիոն դոլար են: Սկզբում այն ֆինանսավորվել է միայն հիմնադիրների կողմից, սակայն ավելի ուշ ստարտափին են միացել նաև բիզնես-հրեշտակներ: Հիմնադիրների կարծիքով սեփական միջոցներով ստարտափի ֆինանսավորումը ազատություն է տալիս, սակայն եթե նախագիծը պետք է զարգանա, ապա ինչ-որ պահի ներդրողների միջամտությունը պետք է: Սկզբնական շրջանում ստարտափը գումար աշխատում էր միջնորդավճարներից՝ 10% յուրաքանչյուր առաջադրանքից, սակայն այժմ այդ միջնորդավճարը հանված է (թողված է միայն վճարման համակարգերի նվազագույն միջնորդավճարը): Նպատակը՝ մեծ թվով մարդկանց ներգրավելն է և նրանց համար հնարավորինս քիչ խոչընդոտներ ստեղծելը: Նախագծի մասին այլևս երկար չեմ խոսի, քանի որ հոդվածի վերջում կա երկու կարճ տեսանյութ, որոնցում ամեն ինչ ներկայացված է, պարզապես ասեմ, որ ստարտափը հաղթել է բավական հեղինակավոր ռուսական մրցույթներում, ճանաչվել է 2012թ-ի ռուսական լավագույն ստարտափներից մեկը: Ավելացնեմ նաև որոշ վիճակագրական տվյալներ: Մոտ 1 տարվա ընթացքում կայքի միջոցով կատարվել է մոտ 14 հազար առաջադրանք: Այժմ օգտվողներն ավելացնում են օրեկան մոտ 200 առաջադրանք և կայքն ունի մոտ 12 հազար կատարողներ: Դե ինչ, դիտեք տեսանյութերը..