Վերջերս հետաքրքիր մի հոդված կարդացի, որով անպայման ուզում եմ ձեզ հետ կիսվել: Հոդվածի վերնագիրը կարդալիս ինչ-որ տարօրինակ զգացողություն կարող է առաջանալ, սակայն ամեն ինչ բացատրելի է և դա կհասկանաք հոդվածի հաջորդ հատվածում:
Երբ մենք լսում ենք, որ ինչ-որ մեկը վաճառել է իր ստարտափը տասնյակ միլիոնավոր դոլարներով, դա բավական տպավորիչ կարող է հնչել: Սակայն ԻՐՈՔ տպավորիչ է հնչում, երբ ստարտափը վաճառվում է հարյուր միլիոնավոր դոլարներով: Թվում է, թե հիմնադիրների համար 2-րդ արդյունքն ավելի ցանկալի է: Սակայն մի՞շտ է դա այդպես: Պարզվում է՝ ոչ միշտ: Երբեմն ցածր գնով վաճառքն ավելի ցանկալի է, քան հակառակը:
Եթե կարճ ասենք, պատճառը հետևյալն է. քիչ-գնահատված ստարտափներն ավելի հեշտ է «ընդարձակել» և դրա համար ավելի քիչ վենչուրային կապիտալ է անհրաժեշտ, ուստի վաճառքի դեպքում հիմնադիրներն իրենց ընկերության ավելի մեծ տոկոսը կարող են տնօրինել:
Եկեք դիտարկենք որոշ օրինակներ…
Bleacher Report ամերիկյան մարզական լրատվական ռեսուրսը ստեղծումից 5 տարի անց վաճառվեց Turner-ին ավելի քան 200 միլիոն դոլարով: Բայց 4 հիմնադիրների և ներգրավված 40 միլիոն դոլար ներդրումների հաշվին հիմնադիրներից յուրաքանչյուրին հասավ ընկերության 5-10%-ը: Իսկ դա նշանակում է, որ հիմնադիրներից յուրաքանչյուրը վաճառքից հետո հեռացավ մոտ 10 միլիոն դոլարով:
Այժմ նայեք նկարին: Ձախից աջ պատկերված են Մայքլ Արինգթոնը և Արիաննա Հաֆինգթոնը: The Huffington Post ստարտափի ստեղծումից 6 տարի անց Արիաննա Հաֆինգթոնը մյուս երկու հիմնադիրների հետ միասին վաճառեց իր ստարտափը AOL-ին 315 միլիոն դոլարով: Նրանցից յուրաքանչյուրի մասնաբաժինը ընկերությունում տարբեր էր: Հաֆինգթոնի մասնաբաժինը իր պնդմամբ ավելի քիչ էր, քան 14%-ը և վաճառքից հետո նա հեռացավ 18 միլիոն դոլարով:
Մինչդեռ Մայքլ Արինգթոնը ստեղծումից 5 տարի անց վաճառեց TechCrunch-ը AOL-ին 30 միլիոն դոլարով: Վաճառքի պահին նրան պատկանում էր ընկերության 80%-ը (քանի որ նա չէր ներգրավել ոչ մի վենչուրային կապիտալ), ուստի վաճառքից հետո նա ստացավ 24 միլիոն դոլար՝ ավելին, քան Արիաննա Հաֆինգթոնը:
Եվս մեկ օրինակ…
TechStars աքսելերատորից դուրս եկած ThinkNear ստարտափը (մոբայլ գովազդ) վաճառվեց ստեղծումից 18 ամիս անց 22,5 միլիոն դոլարով: Մինչ այդ պահն այն արդեն հասցրել էր ներգրավել 1,63 միլիոն դոլար: Վաճառքի պահին պատրաստ էր նաև ներդրման հաջորդ ծավալը՝ 4 միլիոն դոլարի չափով: Սակայն ThinkNear-ի հիմնադիր Էլի Պորտնոյի խոսքերով, եթե նրանք հրաժարվեին վաճառքից և մտնեին ներդրումների հաջորդ փուլ, ընկերությունում իր մասնաբաժինը կնվազեր ևս 25-30%-ով:
Այնպես որ, որոշումը ձգտել մեծի, թե մնալ փոքր, ստարտափի հիմնադիրներին այդքան էլ հեշտ չի տրվում: Իհարկե, մեծ ընկերություն ունենալը և հայտնի ներդրողների անունների տակ հանդես գալը գրավիչ է ցանկացած ստարտափի համար, բայց եթե խոսքը գնում է վաճառքի և ֆինանսական հնարավորինս մեծ ելքի մասին, ապա մեծ ներդրումների և ընդարձակվելու արդյունավետությունն այդքան էլ հստակ չէ: Ամեն դեպքում, ստարտափերների մեծ մասը ստեղծում են իրենց ստարտափներն առանց վաճառքի մասին մտածելու: Եվ դա է գլխավոր պատճառներից մեկը, որ նրանք հասնում են հաջողության: Այլապես, ինչպես հնչեց միտք վերջերս կայացած Startup Meetup-ի ժամանակ, ստեղծել ստարտափ 3 տարի անց վաճառելու նպատակով նույնն է, եթե ամուսնանալ ընդամենը 3 տարով:
:-/