Ստարտափ

Ստարտափ Հայաստանում. գաղափարից դեպի առաջին հաջողությունները

Հայաստանում ավելի ու ավելի շատ երիտասարդներ են ձգտում ստարտափ ստեղծել: Ժամանակին մենք ոգեշնչվում էինք արտասահմանյան պատմություններով, երազում Մարկ Ցուկերբերգ դառնալ կամ մոբայլ ինչ-որ հավելված ստեղծել, որն օրեկան տասնյակ հազարավոր դոլարների եկամուտ կբերեր: Հետո քիչ-քիչ սկսեցինք հասկանալ, որ երազելն իհարկե լավ բան է, բայց եթե ուզում ենք այդ ամենն իրականություն դառնա, պետք է գործել: Հասկացանք նաև, որ ժամանակ առ ժամանակ հայտնվող անհավանական պատմությունները, որ 20 տարեկան պատանին հանկարծ նոր կայք կամ մոբայլ հավելված է ստեղծում և միանգամից միլիոններ է աշխատում, ոչ այլ ինչ է, քան գեղեցիկ պատմություն, այսբերգի երևացող մասը միայն: Իսկ իրականում դրան միշտ նախորդում է հսկայական աշխատանք, փորձեր և ձախողումներ, բազմաթիվ հանդիպումներ և մերժումներ, որոնք անտեսանելի են մարդկանց համար: Հասկացանք նաև, որ նման պատմությունները պարտադիր չէ լինեն արտասահմանում, դրանց հերոսները կարող են մեր հայրենակիցները լինել: Օրինակ, լսած կլինեք Picsart-ի հաջողության պատմությունը կամ Հրաչիկ Աջամյանի ստեղծած սոցիալական զարթուցիչի մասին: Դրանք հայտնի են դարձել բավականին վերջերս և արդեն կայացած ստարտափներ են:

Այսօր կխոսեմ հայկական մի քանի ստարտափների մասին: Դրանցից մի քանիսն արդեն հասցրել են տարբեր դրամաշնորհներ շահել և ստարտափ մրցույթներում հաղթել, մեկն այս պահին աշխատում է Սիլիկոնային հովտում, մյուսներն իրենց պրոդուկտն են զարգացնում, մի խոսքով, բոլորն էլ ակտիվ աշխատանքի փուլում են:

Մի քանի ամիս առաջ մի քանի ստարտափներով որոշեցինք ստարտափ ակումբ ստեղծել: Նպատակն էր կապի մեջ լինել նույն ճանապարհն ընտրած մարդկանց հետ, հանդիպել, փորձով փոխանակվել, միմյանց խորհուրդներ տալ և օգտակար ինֆորմացիայով կիսվել: Ակումբի մեջ մտան մի քանի ստարտափներ՝ teamable, forkize, ggfinances, betchili, ggtaxi, truthly: Ակումբի անդամների թիվն առայժմ սահմանափակ է, բայց ինչ-որ պահից սկսած այն բաց կլինի այլ ստարտափների համար:

Ուզում եմ ծանոթացնել ձեզ նշված հայկական ստարտափներին, որոնք արդեն քայլեր են անում դեպի միջազգային շուկաներ:

Teamable: Ստարտափն այս պահին աշխատում է Սիլիկոնային հովտից և Հայաստանից: Teamable-ը 2013թ-ին «Գաղափարից դեպի շուկա» դրամաշնորհային մրցույթի հաղթողներից է: Այն իրենից ներկայացնում է հարթակ, որը հնարավորություն է տալիս մարդկանց կամ ընկերություններին հավաքել թիմ՝ որևէ ընդհանուր աշխատանք կատարելու համար: Լավ թիմ հավաքելու գործընթացը մեր օրերում ժամանակատար է, ավելի հաճախ՝ ոչ արդյունավետ: Միշտ չէ, որ հաջողվում է հավաքել թիմ, որի բոլոր անդամները կդառնան դրա լիարժեք մասը, կկարողանան աշխատել միմյանց հետ, կլրացնեն իրար և միասին կկարողանան լուծել մեկ ընդհանուր խնդիր: Ուզո՞ւմ եք հասկանալ, թե ինչ է Teamable-ը: Փոքրիկ կատակ 🙂 Կարծում եմ տեսած կլինեք «Օուշենի 12 ընկերները» ֆիլմը: Եթե լիներ Teamable-ը, ինտելեկտուալ կողոպտիչների այդ թիմը կձևավորվեր ավելի շուտ:

Forkize: Այս ստարտափը «StartUp Cup Armenia» մրցույթի «հատուկ» մրցանակի հաղթողն է և վերջերս կայացած դրամաշնորհային մրցույթի հաղթողներից մեկը: Forkize-ն իրենից ներկայացնում է A/B տեստավորման գործիք, որը հնարավորություն է տալիս ավելի լավ հասկանալ որևէ խաղի կամ մոբայլ հավելվածի օգտագործողների պահվածքը և կատարելագործել դրանք՝ դարձնելով ավելի անհատական: Բացատրեմ ոչ տեխնիկական լեզվով: Ենթադրենք, կա որևէ մոբայլ խաղ, որը խաղում են միլիոնավոր մարդիկ: Խաղի մեջ կան որոշակի վիրտուալ ապրանքներ, որոնք մարդիկ կարող են գնել: Սակայն վաճառել այդ ապրանքները 1, թե՞ 2 դոլարով: Forkize-ը հնարավորություն է տալիս, օրինակ, օգտագործողների 50%-ին ցույց տալ մեկ գին, իսկ մյուս 50%-ին՝ այլ գին, և ուսումնասիրել մարդկանց պահվածքն ու հասկանալ, թե որ տարբերակն է ավելի արդյունավետ: Անչափ օգտակար գործիք այն բիզնեսների համար, որոնք ուզում են հասկանալ իրենց հաճախորդների պահվածքը:

ggfinances: Այս ստարտափը ֆինանսական պարզագույն պլատֆորմ է ֆինանսներով հետաքրքրված մարդկանց համար: Դրա նպատակն է հավաքել նման հետաքրքրությունների տեր մարդկանց մեկ վայրում և տրամադրել նրանց բոլոր այն գործիքները, որոնք կարող են նրանց պետք գալ: ggfinances.com կայքում մարդիկ կարող են բացել իրենց ֆինանսական բլոգը, հետևել արժեթղթերի և ֆորեքս շուկաներին, օգտվել ֆինանսական այլ գործիքներից և ամենավերջին նորույթը. բոլոր նրանք, ովքեր ուզում են գործարքներ կատարել արժեթղթերի շուկայում, բայց վախենում են սկսել իրական գումարներից, կարող են խաղալ խաղ՝ կատարելով նույն գործարքները, որոնք նրանք կատարելու են իրականում, բայց վիրտուալ գումարներով: Դա հնարավորություն է տալիս ձեռք բերել փորձ և վստահություն արժեթղթերի շուկայում՝ բացառելով «կորցնելու» հնարավորությունը: Նաև դա խաղ է, որտեղ դուք կարող եք մրցակցել խաղի մյուս մասնակիցների հետ՝ հաճույք ստանալով այդ մրցակցությունից:

Betchili: Այս ստարտափը «StartUp Cup Armenia» մրցույթի 1-ին մրցանակակիրն է, ինչպես նաև ArmnetAwards 2013-ի շրջանակներում կազմակերպված ստարտափ մրցույթի հաղթողը, որը շահեց ուղեգիր դեպի Սիլիկոնային հովիտ: Betchili-ն օնլայն գեյմինգ պլատֆորմ է, որը հնարավորություն է տալիս սպորտային կայքերին իրենց էջերում տեղադրել սոցիալական խաղ, որտեղ մարդիկ կարող են կատարել խաղադրույքներ սպորտային տարբեր միջոցառումների վրա՝ վիրտուալ գումարներով: Նպատակը հետևյալն է. դարձնել սպորտային կայքերն ավելի գրավիչ և հետաքրքիր այցելուների համար, իսկ մարդկանց հնարավորություն տալ ստանալ խաղադրույքներ կատարելու հաճույքը՝ առանց վտանգելու իրենց գումարները: Չէ՞ որ ոչ միշտ են մարդիկ խաղադրույքներ կատարում գումար աշխատելու համար: Հաճախ դա պարզապես խաղ է՝ ռիսկի դիմելու և սեփական ուժերն ու հմտությունները փորձելու հաճույքը:

ggtaxi: Հայկական այս ստարտափը փորձելու է լուծել կարևորագույն խնդիր մեր առօրյայում. պատվիրել տաքսի՝ օգտագործելով տեխնոլոգիաները: ggtaxi-ն հնարավորություն է տալիս մարդկանց մոբայլ հավելվածի միջոցով պատվիրել մեքենա՝ սմարթֆոնի մի քանի հպումով: Նաև գործելու է կայքով մեքենա պատվիրելու և ավանդական զանգի տարբերակները: Սմարթֆոնով տաքսի պատվիրելուց ձեզ կմոտենա ձեզ ամենամոտը գտնվող մեքենան: Դա լուծում է արագության խնդիրը: Նաև դուք ինքներդ կարող եք ընտրել մեքենան՝ հաշվի առնելով նախորդ պատվիրատուների թողած կարծիքները: Դա լուծում է պատշաճ սպասարկման խնդիրը: Կարևոր է նաև այն, որ ցանցում գտնվող մեքենաներն ու վարորդները ընտրվելու են ընկերության կողմից և համապատասխանելու են որոշակի սպասարկման կանոնների: Այլևս պետք չի լինի պահել տարբեր տաքսի ծառայությունների հեռախոսահամարներ և զանգահարել նրանց՝ հույս ունենալով գտնել ազատ մեքենա: Դուք ընդամենը մի քանի հպում կանեք և ազատ մեքենան ինքը կգտնի ձեզ:

Truthly: Այս ստարտափն իրենից ներկայացնում է անանուն սոցիալական ցանց, որտեղ մարդիկ կարող են իրենց շրջապատի մարդկանց ասել այն, ինչը նրանք երբեք չեն ասի դեմ առ դեմ: Գաղտնիք չէ, որ հաճախ մենք չենք կարողանում մեր ընկերներին ասել այն, ինչ իրականում իրենց մասին մտածում ենք: Դա կարող է լինել բնավորության որևէ գծի մասին կարծիք հայտնելուց մինչև սիրո խոստովանություն: Նման խնդիրը կա նաև ընկերություններում. չէ՞ որ աշխատողները միշտ չէ, որ կարողանում են ավելի բարձր ղեկավար օղակներին ասել այն, ինչ իրոք մտածում են: Իսկ այդ նույն ղեկավար օղակներն էլ հաճախ չեն կարողանում հասկանալ, թե ինչ է կատարվում աշխատողների գլխում: Truthly-ն հնարավորություն է տալիս ասել միմյանց ճշմարտությունը, որը նրանք երբեք չեն ասի, օրինակ, Facebook սոցիալական ցանցում:

Ահա այսքանը հայկական նորաստեղծ ստարտափների մասին: Դրանք արդեն գործող օրինակներ են, որոնք գտնվում են իրենց հաջողության ճանապարհի սկզբնամասում: Դուք նույնպես, եթե ունեք գաղափարներ, մի վարանեք, երկար մի մտածեք, սկսեք: Ստարտափը մի բան չէ, երբ հնարավոր է ամեն ինչ կանխատեսել և հաշվարկել: Պետք է սկսել, գործել, սխալվել և սովորել:

Հեղինակի մասին

Հրաչյա Մանուկյան

Հաջողության բլոգի հիմնադիր, անձնային աճի գծով 7 գրքերի հեղինակ:

10 մեկնաբանություն

  • Հուսադրող է, որ հայ երիտասարդները այսօր բացի քաղաքականությունից նման նախաձեռնությունների մեջ են ներգրավվում, քանի որ երկրի զարգացման առաջնային նախապայմաններից մեկը հզոր տնտեսությունն է, բիզնեսը:

  • Մեծ մասի մասին գիտեմ, ուրախանում եմ ձեզնով ու ուզում եմ մաղթել մեծ մեծ հաջողություններ!!

  • Ինձ շաաատ դուր եկավ FORKIZE-ը:Իրոք այն իր օգտագործումը կգտնի:Նաև Betchili-ն և ggtaxi-ն հաստատ հեռանկար ունեցող ստարտափներ են :Ֆուտբոլային խաղերի համար ավելի շատ խաղադրույքներ կանեն ինձ թվում է քան արժեթղթերի շուկայում ինչ որ գործարներ, թեպետ նա էլ էր լավը: Ես էլ այնքան բաներ եմ մտածում հետո փորձում իրականություն դարձնել, բայց ծրագրավորումից գիտելիքներս չեն հերիքում: Համենայն դեպս շոտով կուղղեմ սխալս :Քեզ էլ շատ շնորհակալություն Հրաչ ջան նման լավ հովածների ու նյութերի համար:

  • Բարև բոլորին: Մի բան խնդրեմ, ով կարող է ուղղություն ցույց տալ ggfinance խաղը խաղալու համար:

Մեկնաբանել

error: Կյանքն ավելի հրաշալի է, երբ ստեղծում ես սեփական «բովանդակությունը»