Մարդը պետք է անընդհատ աճի: Այդ աճը կարող է լինել գծային, հարթության մեջ և տարածական: Սովորաբար մենք աճում ենք գծային եղանակով: Այդ գիծը կոչվում է մասնագիտություն: Երբ մենք շեղվում ենք մասնագիտությունից, սկսում ենք զբաղվել նաև հոբբիներով, ժամանակ ենք տրամադրում ինքնազարգացմանը, նոր գիտելիքներ ենք ձեռք բերում, որոնք կապ չունեն մեր հիմնական աշխատանքի հետ, մենք սկսում ենք աճել հարթության մեջ: Դա արդեն լավ է: Այս գրքի միջոցով ես կփորձեմ ձեր մեջ տարածական աճելու ցանկություն արթնացնել: Երրորդ առանցքը մտածողությունն է: Այն զարգանում է, երբ դուք ազատ ժամանակ եք ունենում ոչնչով չզբաղվելու, պարզապես մտածելու համար:


   


Հետաքրքիր է

Ինչպե՞ս են մտածում տարեց մարդիկ

Գիտնականներին հաջողվել է պարզել, որ տարեց մարդու ուղեղի աշխատանքն իր ճկունությամբ չի զիջում երիտասարդի ուղեղի աշխատանքին:

Մեզանից շատերը կարծում են, որ տարիքի հետ մարդու ուղեղի աշխատանքը թուլանում է: Չէ՞ որ տարեցները կորցնում են մտածելու ճկունությունը, հիշողությունը, դժվարությամբ են կայացնում որոշումներ և այլն: Մարդիկ, որոնք ունեն ծեր հարազատներ, շատ հաճախ վերաբերվում են նրանց ոչ այնպես լուրջ, ինչպես երիտասարդ տարիքում, կատակում են նրանց մտավոր ունակությունների վերաբերյալ և կարծում են, որ մտածելու հարցում տարեցներն իրենց այլևս մրցակից չեն:

Օհայոյի համալսարանի (ԱՄՆ) գիտնականները պնդում են, որ տարեց մարդկանց ուղեղի աշխատանքի «դանդաղկոտությունը» կապված չէ ուղեղի ծերանալու հետ: Այստեղ պատճառն ավելի շուտ զուտ հոգեբանական է: Իհարկե, մարդու ուղեղը նույնպես մեծանում է տարիքի հետ զուգընթաց, բայց գիտնականների կարծիքով՝ տարեց մարդու ուղեղը լիովին կարող է մտածել երիտասարդի պես:

Գիտնականներն անց են կացնում մի հետազոտություն, որտեղ մասնակիցներին առաջարկում են տարբեր թեսթեր, օրինակ, աչքաչափով գնահատել էկրանի վրա աստղանիշների քանակը 50-ից շատ է, թե՞ քիչ կամ գտնել բառ՝ տառերի անվերջ հաջորդականության մեջ: Որպես հետազոտության մասնակիցներ ընտրվում են ինչպես տարեց մարդիկ, այնպես էլ երիտասարդներ՝ դպրոցի և քոլեջի աշակերտներ: Child Development ամսագրում հրապարակված հոդվածում հեղինակները գրում են, որ հետազոտության ժամանակ երիտասարդ մասնակիցները դժվարությամբ էին կայացնում որոշումներ, որն ընդհանուր առմամբ բացատրելի է՝ ուղեղը պատրաստ չէ միանգամից աշխատել ինֆորմացիայի հետ և միայն տարիքի հետ է այն սկսում ավելի արագ կողմնորոշվել:

Իսկ նրանք, ում տարիքն արդեն անցնում էր վաթսունը, նույնպես դանդաղում էին որոշումներ կայացնելիս, բայց գիտնականների խոսքերով՝ դանդաղեցումը կապված չէր նրա հետ, որ ուղեղը երկար էր մշակում ինֆորմացիան: Պատճառն այն էր, որ տարեցներն ավելի շատ ժամանակ էին ծախսում իրենց գտած լուծումների ճշգրտությունը մի քանի անգամ ստուգելու համար: Այսինքն, նրանց մոտ հոգեբանական համոզմունք էր առաջացել, որ եթե իրենք ծեր են, ապա շատ հավանական է, որ իրենք սխալվեն՝ այդ պատճառով էլ պետք է լուծումները մի քանի անգամ վերստուգել: Բայց աշխատելով այդ արգելքի հաղթահարման ուղղությամբ՝ թեսթերի լուծման արագությունը տարեցների մոտ հնարավոր էր հասցնել երիտասարդների մակարդակին՝ առանց արդյունքների ճշտության վրա ազդելու: Ավելին, հաճախ տարեցներն արագությամբ նույնիսկ անցնում էին երիտասարդներից:

Հետազոտության եզրակացությունը հետևյալն էր. տարեց մարդիկ ուղղակի չեն ուզում սխալվել և սխալվելու հավանականությունը զրոյացնելու ցանկությունն էլ հենց հանդիսանում է նրանց «մտավոր ունակությունների թուլացման» պատճառը: Եթե բացառել լուծումը կրկին և կրկին ստուգելու այդ սովորությունը, ապա նույնիսկ 90-ամյա ծերունին կարող է լուծել որոշ խնդիրներ երիտասարդի պես: Իհարկե, դա չի վերաբերվում ցանկացած տեսակի խնդիրներին: Ուղեղի մի շարք ֆունկցիաներ, ինչպիսիք են հիշողությունն ու ասոցիատիվ մտածողությունը, իրոք թուլանում են տարիքի հետ, բայց պետք չէ կարծել, որ ուղեղը թուլանում է իր բոլոր հատկանիշներով:

Հ.Գ.
Բացատրեք այս ամենը ձեր տարեց հարազատներին, թող նրանք ավելի վստահ լինեն իրենց վրա և չկարծեն, որ տարիքի հետ իրենց ունակությունները սպառվել են:

Հեղինակի մասին

Հրաչյա Մանուկյան

Անձնային աճի գծով հեղինակ, Հաջողության բլոգի հիմնադիր, «Փոխիր կյանքդ», «Կամքի ուժ. ինչպես ղեկավարել սովորությունները» և «Ստանդարտ մտածելակերպի սահմաններից դուրս» գրքերի հեղինակ:

Մեկնաբանել

error: Կյանքն ավելի հրաշալի է, երբ ստեղծում ես սեփական «բովանդակությունը»