Մարդը պետք է անընդհատ աճի: Այդ աճը կարող է լինել գծային, հարթության մեջ և տարածական: Սովորաբար մենք աճում ենք գծային եղանակով: Այդ գիծը կոչվում է մասնագիտություն: Երբ մենք շեղվում ենք մասնագիտությունից, սկսում ենք զբաղվել նաև հոբբիներով, ժամանակ ենք տրամադրում ինքնազարգացմանը, նոր գիտելիքներ ենք ձեռք բերում, որոնք կապ չունեն մեր հիմնական աշխատանքի հետ, մենք սկսում ենք աճել հարթության մեջ: Դա արդեն լավ է: Այս գրքի միջոցով ես կփորձեմ ձեր մեջ տարածական աճելու ցանկություն արթնացնել: Երրորդ առանցքը մտածողությունն է: Այն զարգանում է, երբ դուք ազատ ժամանակ եք ունենում ոչնչով չզբաղվելու, պարզապես մտածելու համար:


   


Հաջողության գաղտնիքներ

Շրջապատը ձևավորում է մարդուն

Փոքր ժամանակ ծնողները զգուշացնում են իրենց երեխաներին. «Զգո՛ւյշ, վատ շրջապատ չընկնես»: Բայց այդ ժամանակ մենք չէինք էլ հասկանում, որ իմաստուն ծնողները ինչ-որ բան գիտեն: Նրանք գիտեին, որ մարդը, հատկապես երեխան, սովորում է այն, ինչ տեսնում է շրջապատում: Բայց միայն երեխաների դեպքում այդպես չէ: Հասուն մարդիկ նույնպես ենթարկվում են շրջապատի ազդեցությանը: Եթե մարդը ծխող չէ, բայց հայտնվում է շրջապատում, որտեղ բոլորը ծխում են, ապա մեծ հավանականությամբ ինչ-որ ժամանակ անց նա նույնպես կսկսի ծխել: Կամ եթե մարդը բողոքող չէ, բայց շրջապատում բոլորը բողոքում են, ապա ամենայն հավանականությամբ նա նույնպես կսկսի բողոքել: Ուշադրություն դարձրե՞լ եք դուք երբևէ, թե ինչ են խոսում իրար հետ բանկային աշխատողները, տաքսու վարորդները, վարսահարդարները, խանութի սպասարկողները կամ գործարարները: Ես բազմիցս նման դեպքերի ականատես եղել եմ ու գրեթե միշտ նույնը` միևնույն ոլորտի մարդիկ խոսում են նույն բաներից, ունեն միևնույն արժեքներն ու մտածելակերպը և իրենց պահում են նույն ձև: Եվ պատճառն այն չէ, որ այդ մարդիկ իրար գտել են: Պատճառն այն է, որ նրանց ձևավորել է շրջապատը: Նրանք դարձել են այդպիսին, քանի որ շփվել են նման մարդկանց հետ:

Երբ հասկանում ես կյանքի մի քանի պարզ կանոններ, ամեն ինչ իր տեղն է ընկնում: Ինչո՞ւ է շրջապատն ազդում մարդու վրա: Որովհետև շրջապատում դուք լսում եք այն, ինչ խոսում են ուրիշները: Շրջապատում դուք տեսնում եք այն, ինչ անում են ուրիշները: Եթե նույն բանը շատ ես տեսնում և լսում, սկսում ես դրա մասին մտածել: Իսկ եթե դու անընդհատ ինչ-որ բանի շուրջ մտածում ես, ինչպես արդեն գիտեք, ժամանակի ընթացքում դա իրականություն է դառնում, քանի որ մտքերը ձևավորում են մարդու կյանքը: Այսինքն, դուք սկսում եք Ձեզ պահել այնպես, ինչպես թելադրում են Ձեզ Ձեր մտքերը, իսկ Ձեր մտքերը իրենց հերթին թելադրում են ուրիշները, բայց ոչ թե հատուկ և միանգամից, այլ իրենցից անկախ և փոքր չափաբաժիններով:

Ի՞նչ հետևություններ անել

Իսկ հետևությունները շատ պարզ են:

  • Եթե ուզում եք գործարար դառնալ, շփվեք գործարարների հետ,
  • Եթե ուզում եք աշխարհահռչակ, հայտնի դերասանուհի դառնալ, գնացեք մտեք միջազգային ինչ-որ հայտնի կինոստուդիա, թեկուզ հավաքարար աշխատեք, բայց դարձեք այդ շրջապատի մի մասնիկը և ժամանակի ընթացքում դուք կբարձրանաք վերև,
  • Եթե ուզում եք զարգանալ, աճել, շփվեք այնպիսի մարդկանց հետ, որոնք Ձեզանից «բարձր» են և որոնց հետ շփվելով` դուք կարող եք ինչ-որ բան սովորել,
  • Եթե նյարդային եք, բայց ուզում եք փոխել դա, շփվեք հանգիստ մարդկանց հետ,
  • Եթե ուզում եք բարի լինել, շփվեք բարի մարդկանց հետ,
  • Եթե…

Եթե-ները շատ են: Ուղղակի մի պահ կանգ առեք և նայեք Ձեր շրջապատի մարդկանց: Ավելի հավանական է, որ դուք նույնպես կլինեք նրանց պես: Եթե դա այն է, ինչ Ձեզ պետք է, ուրեմն ոչինչ պետք չէ անել: Բայց եթե դուք չեք ուզում լինել այդպիսին, նոր շրջապատ ձևավորեք:

Հեղինակի մասին

Հրաչյա Մանուկյան

Անձնային աճի գծով հեղինակ, Հաջողության բլոգի հիմնադիր, «Փոխիր կյանքդ», «Կամքի ուժ. ինչպես ղեկավարել սովորությունները» և «Ստանդարտ մտածելակերպի սահմաններից դուրս» գրքերի հեղինակ:

4 մեկնաբանություն

    • Luka ջան, շատ մերսի՝ հիանալի հոդվածի համար: Այն ինձ ոգևորեց և ևս մեկ առիթ հանդիսացավ մտածելու հաջողության թեմայի շուրջ :
      Այստեղ ուզում եմ գրել այն մասին, թե ինչպես էր ապրելու մարդը՝ առանց շրջապատող աշխարհի մարդկանց: Խոսելու և ճկուն մտածելակերպ ունենալուց մինչև հաջողության հասնելու ցանկությունը ձևավորվում է մարդկանց միջավայրում: Եթե մարդը հայտնվի անմարդաբնակ կղզում, նրա միակ հաջողությունը կլինի ապրելը: Երկրի վրա ամեն ինչ այլ է. մարդուն ոգեշնչում են ուրիշների հաջողությունները, որոնք խթան են հանդիսանում նրա սեփական հաջողություններին:
      Կան մարդիկ, ովքեր միշտ բողոքում և խոսում են բացասականի մասին: Նրանք այնքան են խոսում բացասականից, մինչև տեսնում են դիմացինի արդեն խոժոռված դեմքն ու « հանգստանում»: Այսպիսի ( բացասական տրամադրված և հոռետես) մարդկանցից հարկավոր է միշտ խուսափել՝ հանուն այն դրականի, որը մեր կողքին է:
      Իհարկե, մարդը չի կարող անտարբեր մնալ շրջապատի նկատմամբ: Սակայն, եթե մարդն ազնիվ է, ունի բարոյական նորմեր ու սկզբունքներ, ապա նրան չի փոխի անգամ վատ շրջապատը: Նա « կառանձնանա» շրջապատից՝ մնալով անհատականություն:
      Հաջողության գիծն անցնում է մարդու ու շրջապատող աշխարհի միջով: Փորձենք երբեք չշեղվել այդ գծից:
      Վերջում, չմոռանանք, որ շրջապատը փոխելու և երազանքներն իրականացնելու համար պետք է ունենալ հաջողության հասնելու ձգտում, որին նպաստում է Ձեր ( ինչու՞ չէ նաև մեր) բլոգը:

      • Ալլա ջան Ձեզ մերսի! Շատ լավ էիք բացատրել ամեն ինչ: Շրջապատի մարդկանց ազդեցությունը մեծ է մեզ վրա: Իսկ բլոգը իրոք որ մերն է, որովհետև դուք էլ Ձեր հոդվածներով մեծ ներդրում ունեք դրա զարգացման գործում:

Մեկնաբանել

error: Կյանքն ավելի հրաշալի է, երբ ստեղծում ես սեփական «բովանդակությունը»