Փոքր ժամանակ ծնողները զգուշացնում են իրենց երեխաներին. «Զգո՛ւյշ, վատ շրջապատ չընկնես»: Բայց այդ ժամանակ մենք չէինք էլ հասկանում, որ իմաստուն ծնողները ինչ-որ բան գիտեն: Նրանք գիտեին, որ մարդը, հատկապես երեխան, սովորում է այն, ինչ տեսնում է շրջապատում: Բայց միայն երեխաների դեպքում այդպես չէ: Հասուն մարդիկ նույնպես ենթարկվում են շրջապատի ազդեցությանը: Եթե մարդը ծխող չէ, բայց հայտնվում է շրջապատում, որտեղ բոլորը ծխում են, ապա մեծ հավանականությամբ ինչ-որ ժամանակ անց նա նույնպես կսկսի ծխել: Կամ եթե մարդը բողոքող չէ, բայց շրջապատում բոլորը բողոքում են, ապա ամենայն հավանականությամբ նա նույնպես կսկսի բողոքել: Ուշադրություն դարձրե՞լ եք դուք երբևէ, թե ինչ են խոսում իրար հետ բանկային աշխատողները, տաքսու վարորդները, վարսահարդարները, խանութի սպասարկողները կամ գործարարները: Ես բազմիցս նման դեպքերի ականատես եղել եմ ու գրեթե միշտ նույնը` միևնույն ոլորտի մարդիկ խոսում են նույն բաներից, ունեն միևնույն արժեքներն ու մտածելակերպը և իրենց պահում են նույն ձև: Եվ պատճառն այն չէ, որ այդ մարդիկ իրար գտել են: Պատճառն այն է, որ նրանց ձևավորել է շրջապատը: Նրանք դարձել են այդպիսին, քանի որ շփվել են նման մարդկանց հետ:
Երբ հասկանում ես կյանքի մի քանի պարզ կանոններ, ամեն ինչ իր տեղն է ընկնում: Ինչո՞ւ է շրջապատն ազդում մարդու վրա: Որովհետև շրջապատում դուք լսում եք այն, ինչ խոսում են ուրիշները: Շրջապատում դուք տեսնում եք այն, ինչ անում են ուրիշները: Եթե նույն բանը շատ ես տեսնում և լսում, սկսում ես դրա մասին մտածել: Իսկ եթե դու անընդհատ ինչ-որ բանի շուրջ մտածում ես, ինչպես արդեն գիտեք, ժամանակի ընթացքում դա իրականություն է դառնում, քանի որ մտքերը ձևավորում են մարդու կյանքը: Այսինքն, դուք սկսում եք Ձեզ պահել այնպես, ինչպես թելադրում են Ձեզ Ձեր մտքերը, իսկ Ձեր մտքերը իրենց հերթին թելադրում են ուրիշները, բայց ոչ թե հատուկ և միանգամից, այլ իրենցից անկախ և փոքր չափաբաժիններով:
Ի՞նչ հետևություններ անել
Իսկ հետևությունները շատ պարզ են:
- Եթե ուզում եք գործարար դառնալ, շփվեք գործարարների հետ,
- Եթե ուզում եք աշխարհահռչակ, հայտնի դերասանուհի դառնալ, գնացեք մտեք միջազգային ինչ-որ հայտնի կինոստուդիա, թեկուզ հավաքարար աշխատեք, բայց դարձեք այդ շրջապատի մի մասնիկը և ժամանակի ընթացքում դուք կբարձրանաք վերև,
- Եթե ուզում եք զարգանալ, աճել, շփվեք այնպիսի մարդկանց հետ, որոնք Ձեզանից «բարձր» են և որոնց հետ շփվելով` դուք կարող եք ինչ-որ բան սովորել,
- Եթե նյարդային եք, բայց ուզում եք փոխել դա, շփվեք հանգիստ մարդկանց հետ,
- Եթե ուզում եք բարի լինել, շփվեք բարի մարդկանց հետ,
- Եթե…
Եթե-ները շատ են: Ուղղակի մի պահ կանգ առեք և նայեք Ձեր շրջապատի մարդկանց: Ավելի հավանական է, որ դուք նույնպես կլինեք նրանց պես: Եթե դա այն է, ինչ Ձեզ պետք է, ուրեմն ոչինչ պետք չէ անել: Բայց եթե դուք չեք ուզում լինել այդպիսին, նոր շրջապատ ձևավորեք:
Շնորհակալություն, LUKA ջան, միշտ մի քայլ առաջ:
Իմաստուն խոսքեր են Luka ջան մտքերն իսկապես ձևավորում են մարդու կյանքը… !!! 🙂
Luka ջան, շատ մերսի՝ հիանալի հոդվածի համար: Այն ինձ ոգևորեց և ևս մեկ առիթ հանդիսացավ մտածելու հաջողության թեմայի շուրջ :
Այստեղ ուզում եմ գրել այն մասին, թե ինչպես էր ապրելու մարդը՝ առանց շրջապատող աշխարհի մարդկանց: Խոսելու և ճկուն մտածելակերպ ունենալուց մինչև հաջողության հասնելու ցանկությունը ձևավորվում է մարդկանց միջավայրում: Եթե մարդը հայտնվի անմարդաբնակ կղզում, նրա միակ հաջողությունը կլինի ապրելը: Երկրի վրա ամեն ինչ այլ է. մարդուն ոգեշնչում են ուրիշների հաջողությունները, որոնք խթան են հանդիսանում նրա սեփական հաջողություններին:
Կան մարդիկ, ովքեր միշտ բողոքում և խոսում են բացասականի մասին: Նրանք այնքան են խոսում բացասականից, մինչև տեսնում են դիմացինի արդեն խոժոռված դեմքն ու « հանգստանում»: Այսպիսի ( բացասական տրամադրված և հոռետես) մարդկանցից հարկավոր է միշտ խուսափել՝ հանուն այն դրականի, որը մեր կողքին է:
Իհարկե, մարդը չի կարող անտարբեր մնալ շրջապատի նկատմամբ: Սակայն, եթե մարդն ազնիվ է, ունի բարոյական նորմեր ու սկզբունքներ, ապա նրան չի փոխի անգամ վատ շրջապատը: Նա « կառանձնանա» շրջապատից՝ մնալով անհատականություն:
Հաջողության գիծն անցնում է մարդու ու շրջապատող աշխարհի միջով: Փորձենք երբեք չշեղվել այդ գծից:
Վերջում, չմոռանանք, որ շրջապատը փոխելու և երազանքներն իրականացնելու համար պետք է ունենալ հաջողության հասնելու ձգտում, որին նպաստում է Ձեր ( ինչու՞ չէ նաև մեր) բլոգը:
Ալլա ջան Ձեզ մերսի! Շատ լավ էիք բացատրել ամեն ինչ: Շրջապատի մարդկանց ազդեցությունը մեծ է մեզ վրա: Իսկ բլոգը իրոք որ մերն է, որովհետև դուք էլ Ձեր հոդվածներով մեծ ներդրում ունեք դրա զարգացման գործում: