Հաջողության գաղտնիքներ

Երազանքից դեպի նպատակ. տարվա վերջին հոդված

Հեղինակ Harust Tga

Այս հոդվածով ուզում եմ ամփոփել իմ տարին, նաև` կիսվել իմ փորձով ընթերցողների հետ: Սկզբում կխոսեմ իմ բիզնեսի մասին: 2012 թվականը կարելի է ասել բեկումնային տարի էր ինձ համար: Ես վերջապես դուրս եկա իմ հարմարավետության գոտուց, որը տվյալ դեպքում իմ աշխատավայրն էր, և «գլխիվայր նետվեցի» ձեռներեցության անկանխատեսելի հորձանուտը: Եվ պատկերացրեք, որ շատ գոհ եմ այդ քայլից: Իհարկե, դրան ես բավական երկար էի նախապատրաստվում, բայց ամեն դեպքում` որոշումը դժվար էր և ինչ-որ պահի ես այն կայացրեցի:

Շատերն ինձ զգուշացնում էին, որ հնարավոր է ես սխալ որոշում եմ կայացնում, հարազատներիցս ոմանք ակնհայտ դեմ էին իմ նախաձեռնությանը: Դա մայիս ամիսն էր: Անցավ մոտ կես տարի և այժմ մեր թիմում մոտ տաս մարդ կա: Այնպես չէ, որ ամեն ինչ հարթ է ընթացել, բնավ ոչ: Ապագայում նույնպես բազում խնդիրներ կլինեն, բայց հարցը նրանումն է, որ եթե դուք ունեք երազանք և կամք` դարձնելու այն նպատակ, ապա պետք է գործեք: Նման դեպքերում վախը միշտ էլ առկա է: Համոզված եմ, որ վախենում էին նույնիսկ Apple ընկերության հիմնադիրները, երբ ստեղծում էին այն, բայց նայեք ինչի է այժմ վերածվել Apple-ը: Եվ դա բնական է: Որքան դուք բարձրանում եք, այնքան ավելի վախենալու և ռիսկային է դառնում: Բայց դա է ճանապարհը դեպի հաջողությունը:

Ուզում եմ մի քանի խորհուրդներ տալ սկսնակ գործարարներին: Բիզնեսով զբաղվելու համար պետք է այն սիրել: Պարտադիր չէ ունենալ տնտեսագիտական կրթություն և հատուկ ձեռնարկներ կարդալ: Շատերը գործում են բնազդաբար, քանի որ բնազդը բիզնեսում մեծ դեր է խաղում: Օրինակ, լինում են պահեր, երբ զգում ես, որ այս մարդու հետ չի կարելի աշխատել, չնայած թվերը հակառակ բան են ասում: Նման դեպքեր իրոք շատ են լինում: Պետք է սովորել հասկանալ բնազդը և լսել դրան: Նաև, եթե բիզնես եք սկսում, մի կենտրոնացեք լոկալ շուկայի վրա: Լոկալ շուկան շատ փոքր է և եթե Ձեր գործունեությունն իր բնույթով լոկալ չէ, ապա բացեք քարտեզը և փորձեք հասկանալ, թե որտեղ կարող է սպառվել Ձեր ապրանքը կամ ծառայությունը:

Ինձ հոգեհարազատ է IT բիզնեսը: Կյանքը ցույց է տալիս, որ շրջափակված լինելով հանդերձ, մեր երկիրը IT բիզնեսի շնորհիվ կարող է լուրջ խաղացող դառնալ այդ հսկա շուկայում: IT-ն ապագան է և շատերն են արդեն թեքվում այդ կողմ: Նշեմ միայն, որ ամենամեծ կապիտալիզացիայով 10 ընկերություններից 5-ը տեխնոլոգիական են: Ահա դրանք.

1. Apple
4. China Mobile
7. Google
8. IBM
9. Microsoft

Դրանց ամբողջական ցուցակը կարող եք տեսնել այստեղ` պարզապես ընտրելով Market Cap. դաշտում Mega տարբերակը:

Ամփոփելով հոդվածը, ուզում եմ նշել, որ կան բաներ, որոնք անհավանական են թվում: Օրինակ, ինչ անհավանական է թվում այս ցուցակում հայտնվելը: Բայց խնդիր դնելն ամենամեծ ունակություններից մեկն է: Եթե մի օր որևէ հայկական ընկերություն հայտնվի այս ցուցակում, ապա մեր երկիրն այլևս չի դիտվի որպես «գաճաճ երկիր»:

Բոլորին մաղթում եմ առողջություն և թող Նոր տարում Ձեր բոլոր երազանքները նպատակ դառնան:

Հեղինակի մասին

Harust Tga

2 մեկնաբանություն

Մեկնաբանել

error: Կյանքն ավելի հրաշալի է, երբ ստեղծում ես սեփական «բովանդակությունը»