Ստարտափ

Truthly.me. ի՞նչ կատարվեց առաջին երկու ամիսների ընթացքում

Այսօր կխոսեմ Truthly.me նախագծի և հետագա անելիքների մասին: Մոտ 2 ամիս առաջ եղավ կայքի պաշտոնական բետա բացումը: Բացումը նախատեսված էր այսպես. նախապատրաստել էինք մամլո հաղորդագրություն արտասահմանյան լրատվամիջոցների համար և գովազդ Ֆեյսբուք սոցիալական ցանցում՝ որպես թիրախ ընտրելով առանձին երկրներ: Առաջին շաբաթվա ընթացքում ունեցանք մոտ 400 գրանցում: Բացի մեր տարածած մամլո հաղորդագրությունից, որը հայտնվեց, օրինակ, Yahoo Finance-ում, նորության մասին սկսեցին գրել արտասահմանյան և հայկական մի շարք լրատվամիջոցներ. բավական ակտիվ էր իտալական մամուլը: Առաջիններից մեկը գրեց իտալական La Stampa-ն, որից հետո նորությունը հայտնվեց իտալական տասնյակ բլոգներում և լրատվամիջոցներում, սկսվեցին քննարկումներ և համեմատություններ:

Այդ մեկ-երկու շաբաթը բավական էր, որպեսզի ստանայինք բավական հզոր հետադարձ կապ: Ստացանք տասնյակ կարծիքներ, հատկապես թերությունների և անհարմարությունների հետ կապված, վերլուծեցինք գրանցված օգտատերերի պահվածքը և հասկացանք, թե որ ուղղությամբ պետք է շարունակենք: Ստեղծեցինք արհեստական դադար, կանգնեցրեցինք գովազդները, ժամանակավոր հրաժարվեցինք մարքեթինգից և սկսեցինք փոփոխություններ կատարել: Առաջինը փոխվեց դիզայնը, ուժեղացրեցինք ինտեգրումը սոցիալական ցանցերի հետ, մարդկանց տվեցինք հնարավորություն ցանկության դեպքում հրապարակել իրենց գաղտնի նամակները, և տարբեր այլ փոփոխություններ: Հիմա էլ, երբ գրում եմ այս տողերը, փոփոխությունները դեռ շարունակվում են: Իտալացիների ակտիվությունը (գրանցվածների կեսը հենց նրանք են) ցույց տվեց, որ պետք է կայքում ավելացնել լեզուներ: Սկզբում նախատեսում ենք ավելացնել ռուսերեն, իտալերեն, ֆրանսերեն և չիներեն: Իմիջիայլոց, չինական շուկայի հետ կապված նույնպես մեծ հույսեր կան, քանի որ Չինաստանում ինտերնետից օգտվողների ընդհանուր լսարանը և մարդկանց պահվածքն այլ է, քան ասենք ԱՄՆ-ում կամ Եվրոպայում և մեր նախագծին ավելի համապատասխան:

Ամենակարևորը՝ հստակեցրինք նախագծի բիզնես մոդելը, այսինքն հասկացանք, թե ինչպես է այն գումար աշխատելու: Եթե կարճ, այն գումար է աշխատելու բիզնեսների հաշվին, քանի որ խնդիրը, որը լուծում է նախագիծը, կա ընկերությունների մեծ մասում: Իսկ խնդիրը հետևյալն է. շատ ընկերություններում աշխատողները չեն կարողանում ազատ շփվել մենեջերների և ղեկավարության հետ, չեն կարողանում ասել այն, ինչ իրոք ուզում են ասել, իսկ դա առաջացնում է ներքին լարվածություն, թողնում է բազմաթիվ անպատասխան հարցեր և արդյունքում՝ ընկնում է աշխատանքի արդյունավետությունը: Նույն երևույթը կա նաև այլ հաստատություններում, օրինակ, հիվանդանոցներում: Սթիվ Բլանկի «Ստարտափ: Հիմնադրի սեղանի գիրք» գրքում պատահական աչքովս ընկավ մի պարբերություն, որտեղ ասվում էր, որ վիրաբուժական բաժնի բուժքույրերը հնարավորություն չեն ունենում խոսել այն սթրեսի մասին, որն իրենք ապրում են աշխատանքի վայրում և չեն կարողանում քննարկել դա բժիշկների հետ, քանի որ վախենում են խոսակցությունների տարածումից և իրենց աշխատանքի հանդեպ դժգոհություններից: Եվ հայտնվեցին որոշ ծառայություններ, որոնք հնարավորություն տվեցին այդ շփումն իրականացնել անանուն: Իրոք հետաքրքիր թիրախ է անանուն շփման համար: Բժիշկների հետ կապված նաև այլ միտք ունենք՝ ավելացնել անանուն խորհրդակցություն բժշկի հետ ծառայությունը, որը նույնպես կլինի վճարովի: Նույնը կարելի է անել, ասենք, իրավաբանների հետ:

Այս ամենի ուղղությամբ դեռ աշխատում ենք և միաժամանակ սկսել ենք դիմել արտասահմանյան տարբեր աքսելերատորներ: Օրինակ, արդեն 2-րդ անգամ դիմում ենք Y Combinator: Այս պահին նպատակն ավելի շատ ոչ թե ներդրումներ ներգրավելն է, այլ կապեր հաստատելը, ոլորտի մարդկանց հետ շփվելը, հետադարձ կարծիքներ ստանալը և նախագծի մոդելը հստակեցնելը: Եվ դրանից հետո միայն, եթե զգանք անհրաժեշտությունը, կսկսենք ակտիվ զբաղվել ներդրումներով:

Առայժմ այսքանը: Նախագծի ընթացքի մասին կշարունակեմ տեղեկացնել: Նաև` հաճույքով կլսեմ Ձեր կարծիքները:

Հեղինակի մասին

Հրաչյա Մանուկյան

Հաջողության բլոգի հիմնադիր, անձնային աճի գծով 7 գրքերի հեղինակ:

7 մեկնաբանություն

Մեկնաբանել

error: Կյանքն ավելի հրաշալի է, երբ ստեղծում ես սեփական «բովանդակությունը»