Կյանքն անընդհատ փոխվում է: Ավելի հաճախ՝ փոխվում է դրա հանդեպ մեր վերաբերմունքը: Երբեմն այն մեզ ոգևորում է, երբեմն՝ հուսահատության գիրկը գցում: Առավոտյան մենք կարող ենք արթնանալ մեծ ոգևորությամբ, սակայն պառկենք քնելու՝ հուսահատված: Ոգևորությունն ու հուսահատությունը մեր զգացմունքային դաշտի երկու հակադիր բևեռներն են: Մեկը ընկալվում է որպես դրական, մյուսը՝ բացասական: Մեկի ազդեցության տակ մենք ուզում ենք սարեր շուռ տալ, մյուսի ազդեցության տակ՝ անկողնուց դուրս չգալ:
Զգացմունքային երկու վիճակներն էլ ազդում են իրականության՝ մեր ընկալման վրա: Դա է պատճառը, որ պետք չէ կարևոր որոշումները կայացնել ո՛չ ոգևորված, ո՛չ էլ հուսահատված վիճակում: Ոգևորված վիճակում, իհարկե, կարելի է գործել, սակայն միայն այն որոշումների հիման վրա, որոնք կայացվել են զգացմունքային հավասարակշռված, հանդարտ վիճակում: Ոգևորությունը սովորաբար հայտնվում է այն ժամանակ, երբ մենք կարճաժամկետ որևէ արդյունք ենք ունենում: Սակայն կարճաժամկետ արդյունքի ազդեցության տակ մենք ուզում ենք կայացնել որոշումներ, որոնք երկարաժամկետ ազդեցություն են թողնում, տեղեկատվության ամբողջական վերլուծություն են պահանջում կամ էլ ընդհանրապես կապված չեն ոգևորության աղբյուրի հետ: Օրինակ՝ իր արտաքինի հասցեին գովեստի խոսքերից ոգևորված աղջիկը կարող է որևէ գործնական որոշում կայացնել, որի հետևանքները հնարավոր չի լինի կանխել, երբ ոգևորությունն անցնի: Կամ կարճաժամկետ ֆինանսական հաջողությունից ոգևորված տղամարդը կարող է ֆինանսական որոշում կայացնել, որը խելամիտ չի թվա, երբ իրավիճակը հաջորդ օրը վերլուծես:
Զգացմունքների ազդեցության տակ կայացրած յուրաքանչյուր չորս որոշումներից երեքի համար ավելի ուշ զղջացել եմ: Իսկ այն մեկ որոշումը կկայացնեի, նույնիսկ եթե հանգիստ վիճակում լինեի /Հ. Մանուկյան/:
Նույնը վերաբերվում է հուսահատությանը: Շատերը որոշումներ են կայացնում հուսահատված ժամանակ՝ փոխարենը դադար տալու՝ սպասելու, որ հուսահատությունը նահանջի (նվազի): Հուսահատված վիճակում նույնպես կարելի է (հաճախ՝ պետք է) գործել, սակայն ոչ այն որոշումների հիման վրա, որոնք կայացվել են հուսահատության գագաթնակետում: Որքան էլ հուսահատությունը երկար տևի և որքան էլ պատճառները լուրջ լինեն, միշտ էլ լինում են պահեր, երբ ուղեղը հանգիստ է, զգացմունքները հետին պլանում են: Կարևոր որոշումները պետք է կայացնել այդ հոգեվիճակում:
Հիշեք՝ երկու վիճակների հետ կապված էլ սկզբունքը նույնն է՝ պետք է թույլ տալ, որպեսզի զգացմունքները հանդարտվեն, ուղեղը հանգիստ լինի, ապա որոշումներ կայացնել: Զգացմունքային տատանումներից մինչև խելամիտ որոշում Ձեզ բաժանում է 8-ժամյա քունը:
Հ.Գ.
Ոգևորությունը չէ, որ շատերին ստիպում է ռիսկի դիմել, անել այն, ինչն ուրիշները չէին անի: Շարժիչ ուժը մարդու մտածելակերպն է, ապրելակեպը, տեսլականը:
Հրաչ ջան մի էջ կար youandworld էտ էջն ուրա, սխալներ որոնցով վնասում ենք ինքներս մեզ թեմաներն են պետք փնտրում եմ չկա, օգնիր))
Բարև Ձեզ,
Ցավոք տեղեկություն չունենք: