Բիզնես և ֆինանսներ

Գործարարների 2 տեսակները

Ես ճանաչում եմ երկու տեսակի գործարարներ, եթե ճանաչելու տակ հասկանանք նաև պարզապես նրանց մասին լսելն ու կարդալը: Առաջինները նրանք են, ովքեր սպասում են, թե երբ են մարդիկ ինչ-որ բան «ուզելու», որպեսզի առաջարկեն նրանց դա: Օրինակ, անձրե՞վ է գալիս՝ կառաջարկենք անձրևանոցներ, այս տարի ցո՞ւրտ է լինելու՝ կառաջարկենք տաք բաճկոններ, հեռուստատեսությամբ հաճախակի Բուլղարիայի ծովափնե՞րն են գովազդում՝ կառաջարկենք ավիատոմսեր դեպի Բուլղարիա:

Գործարարների այս տեսակն ունի նաև մի ենթախումբ՝ նրանք, ովքեր սիրում են կայունություն և չեն սիրում ռիսկի դիմել: Այսինքն, դու ունես որոշակի հաճախորդներ, որոնք օգտվում են քո այս կամ այն ծառայություններից, այդ հաճախորդները քեզ կայուն եկամուտ են ապահովում և դու չես ուզում շեղվել քո ընտրած ուղղությունից, որպեսզի հանկարծ չկորցնես եղածը: Այսինքն, դու չես ուզում փորձել նորը, անհայտ ուղղություններով շարժվել, ուսումնասիրել, պրպտել, քանի որ վախենում ես, որ դա կվնասի եղած բիզնեսին (ժամանակի առումով, ռեսուրսների և այլն): Բայց որքանով ես եմ հասկանում՝ նման գործարարները հիմնականում մնում են փոքր կամ միջին մասշտաբի գործարարներ:

Կա նաև գործարարների երկրորդ տեսակը՝ նրանք, ովքեր ոչ թե սպասում են, թե երբ են մարդիկ ինչ-որ բան ուզելու, այլ իրենք են մտածում և գուշակում, թե ինչ է մարդկանց պետք գալու հետագայում (նույնիսկ, եթե մարդիկ այս պահին դա չեն հասկանում) և ստեղծում, առաջարկում են դա: Գործարարների այս տեսակն ավելի ստեղծարար ու նորարար է: Հիմնականում հենց այս տեսակի գործարարներն են փոխում աշխարհը և դառնում մեծ մասշտաբի, գլոբալ գործարարներ: Իմ ճանաչած հանճարեղ գործարարների մեծ մասը հենց այս տեսակի մեջ են մտնում: Օրինակ, Բիլլ Գեյթսը, Հենրի Ֆորդը, Սթիվ Ջոբսը կամ Google-ի տղաները: Երբ Բիլլ Գեյթսը ստեղծում էր իր օպերացիոն համակարգը, այդ ժամանակ համակարգիչը դեռ ոչ ոքի պետք չէր: Նկատի ունեմ հասարակ մարդկանց, առօրյայում՝ ո՞ւմ էր տանը համակարգիչ պետք: Բայց Բիլլ Գեյթսը գուշակեց ապագան և դարձավ հանճարեղ գործարար: Կամ Հենրի Ֆորդը: Ո՞ւմ էր այն ժամանակ պետք ավտոմեքենան: Երևի շատ քչերին: Կամ ինչպես էինք մենք ժամանակին ապրում առանց համացանցում որոնելու, ո՞ւմ էր պետք Google-ը: Իսկ այսօր առանց Google մենք մեր կյանքը չենք պատկերացնում:

Ամեն դեպքում, գործարարների բոլոր տեսակներին էլ ես հարգանքով եմ վերաբերվում, քանի որ դա մարդկանց մի տեսակ է, ովքեր սիրում են ինքնուրույնություն, սիրում են ստեղծել և մտածել: Բայց գործարարների երկրորդ տեսակը` ես համակրում եմ շատ ավելի շատ:

Հեղինակի մասին

Հրաչյա Մանուկյան

Հաջողության բլոգի հիմնադիր, անձնային աճի գծով 7 գրքերի հեղինակ:

4 մեկնաբանություն

  • Հրաչ ջան թեմայից մի քիչ դուրս հարց տամ:
    Ինձ շատ է հետաքրքրում քո կարծիքը(վերաբերմունքը) ցանցային մարկեթինգի մասին: Քո կարծիքով արժի փորձել?

    • Գագիկ ջան գիտեմ, որ օրինակ ԱՄՆ-ում ու այլ զարգացած երկրներում ցանցային մարքեթինգը լուրջ բիզնես է, ու լավ հնարավորություն ցանկացած մարդու համար սկսելու, բայց չգիտես ինչու այդ հարցում սիրտս միշտ կախ է եղել, առանց ինչ-որ լուրջ պատճառ: Չէի ուզի ասել հա կամ չէ, ավելի լավ է դու ինքդ զգաս արժի, թե ոչ, բայց եթե որոշես էլ զբաղվես, խորհուրդ կտամ անպայման ուշադրություն դարձնես, թե ինչ ապրանք է հանդես գալիս որպես մարքեթինգի առարկա: Եթե ապրանքը լավն է, իրոք պետքական բան է, ապա այդ դեպքում կարծում եմ կարելի է ավելի վստահ զբաղվել: Սակայն եթե ապրանքը ինչ-որ տեղ ձևական է, ավելի շուտ ցանցի պահն է դեր խաղում, այդ դեպքում մի քիչ էլ մտածիր:

        • Գագիկ ջան, ինձ հետաքրքիր է տվյալ կազմակերպության անունը որ ուզում ես սկսել ցանցային մարքեթինգով

Մեկնաբանել

error: Կյանքն ավելի հրաշալի է, երբ ստեղծում ես սեփական «բովանդակությունը»