Բիզնես և ֆինանսներ Ժամանակի կառավարում

Նոր բիզնես. ինչպես աշխատանքային օրը դարձնել արդյունավետ

Աշխատանքային օր

Շատերը, ովքեր զբաղվում են սեփական գործով , կանգնում են խնդրի առջև՝ մտքերն ու անելիքները շատ են, ժամանակը՝ քիչ: Օրվա ընթացքում չես կողմնորոշվում, թե ինչն է առաջնային, ինչը՝ երկրորդային, իսկ ինչն ընդհանրապես պետք չէ անել: Ենթագիտակցորեն կարծես զգում ես, թե ինչ պետք է անել, բայց չի ստացվում ամեն ինչ անել արդյունավետ: Արդյունքում առաջանում է զգացողություն, որ ժամանակդ չես կարողանում արդյունավետ օգտագործել, իսկ գործողություններդ թիրախային չեն:

Նման զգացողությունների միջով ժամանակին ինքս էլ անցել եմ: Երբ նոր գործ էի սկսում, առաջին տարին ամեն ինչ կարծես խառնաշփոթի մեջ էր: Օրվա ընթացքում երկար աշխատում էի, տեսնում էի արդյունքներ, բայց մոտս չկար զգացողություն, որ ամեն ինչ ճիշտ է, արդյունավետ է: Հետո հասկացա, թե ինչու է այդպես. ամեն ինչ ինքնահոս էր՝ առանց պլանավորման:

Այն, թե ինչպես ենք մենք կազմակերպում մեր աշխատանքային օրը, ազդում է այն արդյունքների վրա, որ կստանանք: Երբ օրդ չես պլանավորում, շատ ջանք պետք է ներդնես՝ որոշակի արդյունքներ ստանալու համար: Արդյունավետության պակասը փորձում ես լրացնել ժամանակի, շատ աշխատելու հաշվին: Սակայն հիմնականում դա բերում է գերհոգնածության և արդյունավետության էլ ավելի նվազման:

Մի օր որոշեցի, որ չեմ ուզում շարունակել աշխատել նման կերպ: Սկսեցի փորձել աշխատանքային տարբեր գրաֆիկներ, մոդելներ և գտա մեկը, որն իրեն արդարացրեց: Այն պայմանական կարելի է անվանել աշխատանքային ՄՍԿ մոդել:

ՄՍԿ. մտածել, սովորել, կիրառել

Աշխատանքային 7-ժամանոց օրը ես բաժանում եմ երեք մասի.

Մտածել

Աշխատանքային օրվա առաջին ժամը ես պարզապես մտածում եմ: Մտածում եմ այն մասին, թե ինչ ենք մենք անում, ինչու ենք անում, ինչը կարող ենք ավելի լավ անել, ինչպես դա անել: Ուսումնասիրում եմ, թե ինչ է կատարվում այդ ոլորտում, ինչ նոր օրինակներ, տեխնոլոգիաներ, մեթոդներ կան, դրանցից որոնք կարող ենք ինքներս կիրառել: Մտածում եմ ընկերության փիլիսոփայության, վաճառքի խողովակների, հաճախորդների սպասարկման, բրենդի ուժեղացման մասին: Մտածում եմ, թե ինչ նորություններ կարելի է մտցնել, ինչպես կարելի է եղած պրոդուկտները բարելավել: Մտածում եմ այն մասին, թե ինչպես կարող ենք աճել:

Մտածելը թույլ է տալիս չկտրվել ընկերության փիլիսոփայությունից, հասկանալ անելիքները և շարժվել ոչ թե իներցիայով, այլ գիտակցված ուղղությամբ

Սովորել

Հաջորդ երկու ժամերի ընթացքում ես սովորում եմ: Հիմնականում ընտրում եմ թիրախային երկու վիդեո-դասընթացներ և մեկական ժամ դիտում եմ դրանք: Եթե ինչ-որ միտք առանձնահատուկ հետաքրքրում է, սկսում եմ խորացված դա ուսումնասիրել: Այս երկու ժամն ապահովում է պրակտիկ գիտելիքների շարունակական աճ: Աճը շոշափելի է դառնում նույնիսկ մեկ շաբաթվա ընթացքում, իսկ մեկ տարվա ընթացքում այն դառնում է զգալի:

Սովորելը թույլ է տալիս ընդլայնել բիզնես-աշխարհայացքդ, գործնական աճի հիմք է ստեղծում: Եթե նոր բան չես սովորում, հետ ես մնում:

Կիրառել

Հաջորդ չորս ժամերի ընթացքում ես անցնում եմ գլխավոր մասին՝ աշխատում եմ՝ կիրառելով սովորածս և միաժամանակ պահպանելով այն ուղղությունը, որի մասին մտածել եմ: Դա այն պրակտիկ աշխատանքն է, որին նախկինում տրամադրում էի աշխատանքային ողջ օրս: Դա նաև այն նույն աշխատանքն է, որը նախկինում մոտս խառնաշփոթի զգացում էր առաջացնում, երբեմն էլ՝ ձանձրացնում: Պատճառն այն էր, որ առանձնացված չէին բոլոր երեք բաղադրիչները:

Բիզնեսում իրական արդյունքներ ապահովում են փորձարկումներն ու պրակտիկ աշխատանքը, սակայն ինչպես Աբրահամ Լինքոլն է ասել՝ «Եթե ես ունենայի ութ ժամ ծառը կտրելու համար, դրանցից վեցը կծախսեի կացինը սրելու վրա»

Այս երեք փուլերն ունեն սահմանված հստակ ժամեր: Օրինակ, ես չեմ պատասխանում էլեկտրոնային նամակների, երբ մտածում կամ սովորում եմ: Ես չեմ աշխատում առաջին երեք ժամերի ընթացքում, որքան էլ կարևոր գործեր լինեն: Իսկ երբ սկսում եմ աշխատել, չեմ շեղվում նորություններով, չեմ վերլուծում, չեմ մտածում. պարզապես անում եմ այն, ինչ պետք է անել:

Աշխատանքային նման գրաֆիկն ինձ տալիս է ներդաշնակության զգացողություն, ապահովում է գործնական աճը և արդյունավետությունը: Առանձնացնելով աշխատանքային այս երեք բաղադրիչները և դրանց համար սահմանելով հստակ ժամեր՝ աշխատանքային օրը դառնում է հասկանալի, աշխատանքը՝ արդյունավետ, արդյունքները և բիզնեսի ապագան՝ ավելի կանխատեսելի: Դա բացառում է աշխատանքային այն մոդելը, երբ աշխատում ես մի բանի վրա, շեղվում ես, մտածում ես, հետ ես վերադառնում աշխատանքին, կրկին մտածում ես, այլ բան ես սկսում անել, ընդմիջում ես տալիս, մտքերով ես ընկնում, որոշում ես նոր բան փորձել, հետո հասկանում ես, որ օրն ավարտվել է, բայց զգացողություններդ լիարժեք չեն, քանի որ կարող էիր օրվա ընթացքում ավելի շատ և կարևոր բաներ անել:

 

Հեղինակի մասին

Հրաչյա Մանուկյան

Հաջողության բլոգի հիմնադիր, անձնային աճի գծով 7 գրքերի հեղինակ:

Մեկնաբանել

error: Կյանքն ավելի հրաշալի է, երբ ստեղծում ես սեփական «բովանդակությունը»